Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ԱՀԿ-ի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առողջապահության նախարարությունը հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցին արձագանքող պարզաբանմամբ:

Վերջին օրերին Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներում լայն արձագանք ստացավ   Առողջապահության համաշխարհային կազմակերպության  2015թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունը, որն անդրադառնում էր վերամշակված մսի և կոլոռեկտալ քաղցկեղի միջև կապին:

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության զեկույցի հրապարակման շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ԱՀԿ-ն ստացել է բազմաթիվ հարցումներ, մտահոգություններ և խնդրանքներ:

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ստեղծվել է 50 տարի առաջ Առողջապահության Համաշխարհային ասամբլեայի բանաձևի ընդունման հիման վրա:  ԱՀԿ հովանու ներքո գործող անկախ այս կառույցի աշխատանքային ծրագրերը հաստատվում և ֆինանսավորվում են անդամ պետությունների կողմից:

Նշենք, որ գործակալության լայն արձագանք ստացած հրապարակումը  հաստատում է ԱՀԿ 2002թ. «Սննդակարգ, սնուցում և քրոնիկական հիվանդությունների կանխարգելում» զեկույցի առաջարկությունները, որում մարդկանց խորհուրդ է տրվում չափավոր օգտագործել վերամշակված միս` քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու նպատակով:

Գործակալության վերջին ակնարկը մարդկանց չի հորդորում  դադարեցնել վերամշակված մսամթերքի սպառումը, այլ նշում է, որ դրանց սպառումը նվազեցնելով կարող է նվազել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը:

ԱՀԿ-ի կազմում գործող փորձագետների խումբը կանոնավոր զբաղվում է սննդակարգի և հիվանդությունների միջև կապի գնահատմամբ: 2016թ. սկզբին նախատեսվող հանդիպման ընթացքում մասնագետները  հանրային առողջապահության տեսանկյունից կքննարկեն գիտության վերջին նվաճումների ազդեցությունը, ինչպես նաև կանդրադառնան  առողջ սննդակարգին, մասնավորապես վերամշակված և կարմիր մսի, այլ մթերքների  օգտագործմամբ պայմանավորված հարցերին:




Լրահոս