Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ նախագահը սեփականաշնորհել է հայկական ֆուտբոլը, ու, չնայած ֆեդերացիան ունի նաեւ գործկոմ, որոշումները կայացնում է միանձնյա: Ընդ որում, ինչպես եւս մեկ անգամ համոզվեցինք, դա վերաբերվում է նաեւ հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի:
Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, որը ներկայացնում է նաեւ Արաս Օզբիլիսի շահերը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «Կուբան»-ը թույլ չի տալիս Արաս Օզբիլիսին, ում ինքն է «Այաքս»-ից բերել «Կուբան», տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա: Մինչդեռ ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանի հետ պայմանավորվել են, որ լավ առաջարկի դեպքում «Կուբան»-ը նրան բաց կթողնի, եւ կա համապատասխան փաստաթուղթ: Բայց երբ առաջարկել է Արասին այլ ակումբների, Մկրտչյանը մտափոխվել է: Ապա Սելյուկը դիմել էր ՀՖՖ նախագահին` առաջարկելով հանդիպել, ասենք, Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ եւ քննարկել համագործակցության հարցը:
Եվ ահա ՀՖՖ նախագահը մեկնաբանել է իրեն հասցեագրված դիմումը` պաշտպանելով գործարարներ Օլեգ Մկրտչյանին եւ, չգիտես ինչու, նաեւ Սուլեյման Կերիմովին, «ով ջանք չի խնայում դաղստանյան ֆուտբոլը զարգացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով ռուսական ֆուտբոլի որակական նոր մակարդակի բարձրացմանը»: Նա նաեւ հավելել է, որ Սելյուկը երբեք չի եղել Հենրիխ Մխիթարյանի գործակալը, Արաս Օզբիլիսին «Կուբան» չի տեղափոխել, եւ անձամբ ինքն է խնդրել Օլեգ Մկրտչյանին` գնել Արասի տրանսֆերը եւ անձամբ խոսել Արասի հետ, հորդորել, որ տեղափոխվի «Կուբան»: ՀՖՖ նախագահը խնդրել է Սելյուկին հեռու մնալ հայկական ֆուտբոլից:
Հայրապետյանի այս մեկնաբանությանը հետեւել է Սելյուկի պատասխանը. «Ի՞նչ է նշանակում՝ պետք է հեռու մնալ հայկական ֆուտբոլից եւ ֆուտբոլիստներից։ Ինձ համար դա տարօրինակ հայտարարություն էր։ Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիսի տրանսֆերին, ապա Հայրապետյանն է ֆեդերացիայի նախագահը, եւ նա գիտի ֆուտբոլիստներին։ Սակայն, կարծում եմ, ֆեդերացիայի նախագահները չպետք է իջնեն այն մակարդակին, թե ով ում հետ ինչ պայմանագիր կնքեց։ Նրան պետք է անհանգստացնի հավաքականի վիճակը։ Արասի պայմանագրի վերաբերյալ ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ով ինչքան գումար է վճարել եւ ստացել։ Ես թիմերից եմ գումար աշխատում: Թե ինչ դերակատարում եմ ունեցել Մխիթարյանի՝ «Շախտյոր» տեղափոխության գործում, կարող եք հարցնել Ռինատ Ախմետովին»։
Գուցե սրան կհետեւի ՀՖՖ նախագահի նոր պատասխանը (հիմա միմյանց նամակով դիմելը «մոդա» է), որը ոչինչ չի փոխի թե՛ մեր, թե՛ ֆուտբոլասերների պատկերացումներում. հայկական ֆուտբոլը, հատկապես ազգային հավաքականը, մենաշնորհային է:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս