ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մ. Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:
Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յուրի Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ. Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Սերոբ, Էյներ և Մայիս Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ. Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ. Զաքարյանի գլխին։
Մասնավորապես, Շ. Դավթյանը, Դ. Հակոբյանը և Մ. Խաչատրյանը նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, իսկ Մ. Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Սեյրան և Էյներ Խաչատրյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յ. Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ. Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։