Ինչո՞ւ մեղադրանք առաջադրվեց Գոռ Վարդանյանին. ուշագրավ զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը, կարծես, նոր երանգներ է ստանում:

Բանն այն է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Եվ, ըստ երևույթին, սա անմիջական կապ ունի վերը նշված սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) հետ:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Իսոն, ինչպես հայտնի է, «Դուքենդո» ֆեդերացիայում աշխատում էր որպես անվտանգության ծառայության պետ, ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի տեղակալ:

Նա առանձին, փոքր դրվագներում նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի ֆիլմերում: Ավելին, մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ բացի ֆեդերացիայում պաշտոն զբաղեցնելուց՝  Իսոն եղել է անվտանգության հետ կապված ֆեդերացիայի անդամ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավելի վաղ Գոռ Վարդանյանը հայտնել է, որ շատ լավ ճանաչում է Իսոյին, նրա ընտանիքին, եղբորը` Վազգեն Սարգսյանին, ով եղել է իր ուսանողական ընկերը. «Երբ այն ժամանակ առաջին անգամ Արմեն Տեր-Սահակյանի հետ կապված լսեցի իր անունը, ինձ համար դա շոկ էր: Երբ տեսնում եմ՝ իմ հարազատների կամ իմ ընկերների շրջապատում որևէ մեկը կասկածվում է հանցագործության մեջ, դա ինձ հաճելի չէ, և անբացատրելի ցավ եմ տանում: Իսրայելը 2006թ. անդամագրվեց մեր ֆեդերացիա, երբ այդ ժամանակ խոսեցի հետը, նա ինձ ասաց, թե այն, ինչ կատարվել էր նախկինում իր հետ, շփոթմունք էր եղել, իրեն խաբել էին ու ներքաշել: Ինչևէ, մեզ մոտ՝ ֆեդերացիայում, որոշակի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էր, և այդ ընթացքում նորմալ աշխատել ենք, նորմալ շփվել ենք ու ոչ մի բացասական բան չենք նկատել»:

«Ժողովուրդը» հայտնել էր նաև, որ Թևոսիկի եղբորը սպանելու դեպքի մասին Գոռ Վարդանյանն իմացել է փետրվարի 3-ի երեկոյան. «Ծանր վիճակի մեջ հայտնվեցի, քանի որ ամբողջ կյանքում քարը քարին դնելով՝ աշխատանք ես անում, ու քո ընկերներից, քո շրջապատից մեկը կամ ֆեդերացիայի անդամներից մեկը հանցագործության մեջ է մեղադրվում, դա, կրկնում եմ, մեծ ցավ է: Լավ մայր ու հայր ունի, երկու դուստր: Բայց ի՞նչ արած, եթե որևէ մեկը անօրինական գործողություն է կատարել, անպայման պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով է, ինչ կարգավիճակ ունի»:

Գոռ Վարդանյանի հարցազրույցի օրը հայտնի դարձավ, որ «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերվել են Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ԺՄ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «ԽԺ» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ եւ «ՁծՁ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:

Հարկ ենք համարում նկատել, որ սա տեղի է ունեցել ավելի քան 1 տարի առաջ:

Իսկ այսօր արդեն Գոռ Վարդանյանն ամբաստանյալի աթոռին է՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Այսօրվա դատական նիստին նա հայտարարել է. «Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում: 1999 թվականից ֆիլմեր եմ նկարում, իսկ 1992 թվականից աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում և ազգային անվտանգության ծառայությունում: 2005-ին պատերազմի մասին ֆիլմ էի նկարում, գրություն գրեցի այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, հատուկ հրաման դուրս եկավ, գնացի Ղարաբաղ, այնտեղ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նիստ եղավ, քննարկվեց ու մեր ֆիլմի համար ռազմամթերք հատկացվեց բավականին մեծ քանակությամբ: Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ ուժեղ անձրև էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»:

Ի դեպ, Գոռ Վարդանյանը մշտապես հայտարարել և չի հերքել լուրերն այն մասին, որ մտերիմ հարաբերություններ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ես մշտապես հավանություն եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի և գործունեության վերաբերյալ տարբեր կայքերում զետեղված նյութերին: Այո, ես սպասում և հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, այդ մասին միշտ ասել եմ տարբեր հարցազրույցների ժամանակ: Երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը, չեմ վախեցել ոչ մեկից: Ինչու եմ համակրում Ռոբերտ Քոչարյանին. գիտեք, դա տեսակի խնդիր է, երբ այդ մեծության քաղաքական գործիչը, իր ուսերին ունենալով պետականության կայացման ծանր պարտավորությունը, մշտապես հետևում է իր մարզական կեցվածքին, կոչ է անում առողջ ապրելակերպ, դա ինձ համար ողջունելի է, որովհետև առաջնորդը ճաշակ, կենցաղ, ապրելակերպ է ձևավորում»:

Տաթև Հարությունյան




Լրահոս