Իշխանական «կլանի» թիմակիցը ձերբակալվեց. ՀԱԿ-ի հաղորդման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը նոր հանգամանքներ է ի հայտ բերել: Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակից: ArmLur.am-ը փորձեց Հատուկ քննչական ծառայությունից պարզել լուրի հավաստիությունը, սակայն դեռևս չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ ՀԱԿ-ի չկաշառվող ներկայացուցիչը եղել է թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի անդամ Վարդան Հարությունյանը:

Ինչպես հայտնի էր դարձել՝ Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, որը կատարվել է նյութապես շահագրգռելով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով, որից հետո գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական գործ հարուցելու հիմքում ընկած է տեսագրությունը, որտեղ թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը փորձել է կաշառել ՀԱԿ հանձնաժողովի անդամին: Իսկ ինչ պետք է աներ ՀԱԿ անդամը, եթե վերցներ կաշառքը: Ըստ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ նա պետք է իր լիազորությունները որոշակի ժամանակահատվածում չկատարեր, այսինքն՝ հնարավորություն տար ընտրակեղծիքներ իրականացնել: Գործարքն առաջարկողն էլ եղել էր պետական ինքնակառավարման մարմնի աշխատակից:

Թե ինչու է ՀԱԿ-ը գաղտնի պահում կաշառք առաջարկողի անունը, այդպես էլ անհասկանալի է մնում: Եթե իսկապես Լեւոն Զուրաբյանի նպատակը ընտրակեղծիքների դեմ պայքարելն է, ապա ինչու չեն հրապարակում այն մարդու անունը, որը կոնկրետ գործարք է առաջարկել ՀԱԿ-ին, եւ որ այդ զրույցի ձայնագրությունն էլ առկա է: Եթե ՀԱԿ-ում կարծում են, թե այս ճանապարհով նախաքննության գաղտնիությունն են խախտում, ապա անդամի անունը հրապարակել դեռ չի նշանակում գործի ընթացքը խաթարել: Նախաքննության գաղտնիքը չհրապարակելը կլիներ այն, եթե ՀԱԿ ներկայացուցիչները մանրամասներ պատմեին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ թիվ 9 ընտրատարածքի 2 տեղամասում ՀԱԿ հանձնաժողովի անդամը եղել է Վարդան Հարությունյանը:

Իսկ ո՞վ է եղել նրան կաշառելու փորձ արած անձը: «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Վարդան Հարությունյանից, սակայն նա հրաժարվեց խոսել` հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը. «Կխոսեմ այն ժամանակ, երբ կավարտվի նախաքննությունը, իսկ հիմա չեմ պատրաստվում նախաքննական գաղտնիքը ասել»:

Իսկ թե ինչու է կոնկրետ անձի անունը նախաքննական գաղտնիք համարվում, դժվար է պատկերացնել: Փաստն այն է, որ թիվ 9 ընտրատարածքը սպասարկում է Կենտրոն վարչական շրջանը, որը, ինչպես բոլոր ընտրություններոմ, այնպես էլ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը, փաստացի ղեկավարվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից: Բանն այն է, որ Կենտրոն վարչական շրջանից ընտրված պատգամավորը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը` Արա Սադոյանը: Ասել է թե՝ չի բացառվում, որ ՀԱԿ անդամին կաշառող անձը եղել է հենց վերոնշյալ մարդկանցից մեկի մտերիմը, ինչը իրավիճակն ավելի է բարդացնում: Առավել եւս, որ, ըստ Լեւոն Զուրաբյանի, կաշառելու փորձ արածը եղել է ինքնակառավարման մարմնի աշխատակիցը, այսինքն` Արա Սադոյանի ենթական:




Լրահոս