Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում,- այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
«Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից: Միայն եզրափակչում ինձ հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցիս նկատմամբ: Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կվորոշենք Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, մարզիչներ Արամ Սարգսյանին և Սամվել Գևորգյանին: Հաղթանակս նվիրում եմ աղջկաս՝ Մոնիկային»,- ասել է Հարությունյանը:
Միջազգային հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 26-27-ը Մոսկվայում, հայ ըմբիշը ներկայացել է 71 կգ քաշային կարգում և հաղթական 5 գոտեմարտ անցկացրել: