ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 1 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արսեն Բայրամյանի դատավարությունը:
Ա. Բայրամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Բայրամյան» սոցիալական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը, 2011թ. սեպտեմբերի 16-ին եւ 2013թ. փետրվարի 12-ին «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Տավուշի տարածքային մասնաճյուղից ստացել է հումանիտար օգնության բաշխման ցուցակ եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ստորագրությունները կեղծելու միջոցով յուրացրել 76 հազար 290 դրամ:
Հուլիսի 10-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն Ա. Բայրամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով)՝ նրան դատապարտելով նվազագույն աշխատավարձի  հազարապատիկի չափով տուգանքի եւ 3 տարի զրկելով նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ Ա. Բայրամյանը վերականգնել է պատճառված շուրջ 76 հազար դրամ վնասը: Վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Արսեն Բայրամյանը, որը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատն է, հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս