«Իշխանությունը կընդունի եւ կիրականացնի այնպիսի առաջարկներ, որոնք տեխնիկապես հնարավոր կլինեն եւ իրենց հետ չեն բերի որեւէ բացասական երեւույթ»,- այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ հավելելով, որ իշխանությունը համաձայնել է մասնակցել բանակցություններին ոչ թե կանխատեսելով ճնշումների, փողոցային հավաքների վտանգ, այլ որովհետեւ կա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու մտահոգություն:
Թեպետ պատգամավորը ողջունում է բանակցային ձեւաչափը, այնուամենայնիվ կարծում է, որ իշխանության կողմից առաջարկվելիք նոր Ընտրական օրենսգիրքը լուծում է ընդդիմադիրների կողմից ներկայացվող բոլոր խնդիրները:
«Ես, ցավոք, կապրիզի հոտ եմ առնում: Ինձ թվում է՝ ընդդիմադիրների մոտ «մենք ասել ենք, դուք պետք է ընդունենք»-ն է գործում: Նոր օրենսգիրքը բարձր մակարդակով լուծում է ընդդիմադիրների մոտ մտահոգություն առաջացնող բոլոր խնդիրները»: