Այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Դատարանը այսօր պետք է սկսեր ուսումնասիրել Ավետիսյանների սպանության գործով իրեղեն ապացույցները։ Դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում կայացրեց իրեղեն ապացույցների ուսումնասիրությունը հետաձգել մինչև հաջորդ նիստը, քանի որ դա լայնածավալ աշխատանք է ներկայացնում։ Այդ կապակցությամբ իրավահաջորդների ներկայացուցիչները դատավորից խնդրեցին ապահովել տեխնիկական կողմը:
Ներկայացվեցին նաև փորձաքննության արդյունքները: Ըստ ներկայացված նյութերի և ստի դետեկտորով կատարված փորձաքննության՝ Պերմյակովն Արմեն Ավետիսյանին սպանել է երկու կրակոցով։ Փորձաքննության ընթացքում Պերմյակովը հայտնել է, որ երկրորդ անգամ ընկած դիրքում կրակել է Արմեն Ավետիսյանին և վերջնական սպանել նրան: Արմեն Ավետիսյանի քրոջը՝ Աիդա Ավետիսյանին, ռուս զինծառայողը կրակել է, երբ վերջինս եղել է պառկած վիճակում։ Ընտանիքի հարսը՝ 25-ամյա Արաքսյան, սպանվել է երկու կրակոցով՝ գլխի շրջանում, երբ վերջինս փորձել է թաքնվել վերմակի տակ։ Հասմիկ Ավետիսյանը՝ ընտանիքի մայրը, սպանվել է մեկ կրակոցով և սվին դանակի հարվածով, նրա ամուսինը՝ Սերյոժա Ավետիսյանը, սպանվել է 2 կրակոցով։
Ստի դետեկտորով փորձաքննության ժամանակ Պերմյակովին հարց է տրվել՝ ինքը դիտավորյա՞լ է մուտք գործել այդ բնակարան, թե՞ ոչ: Նրա պատասախաններից պարզ է դարձել, որ Պերմյակովը մինչ Ավետիսյանների բնակարան մուտք գործելը, այլ տներ ևս մտել է: Գործի նյութերն ուսումնասիրելուց հետո տեղի կունենա մեղադրյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունը։