ԹԱՏՐՈՆՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՈԼՈՐՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում գործում են մի շարք ստեղծագործական միություններ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե դրանք ինչ գործառույթներ են իրականացնում: Ամեն դեպքում, այդ միությունները տիրապետում են որոշակի ֆինանսական լծակների, օգտվում են ստեղծագործական տներից, երբեմն էլ վաճառում տարածքները: Ու, թերեւս, այդ պատճառով էլ այդ միությունների նախագահի ընտրությունը հաճախ վերածվում է գրեթե  ճակատամարտի:
Տարիներ առաջ, օրինակ, իսկական ճակատամարտ տեղի ունեցավ գրողների միությունում, որտեղ հաղթեց, այսպես ասած, անանյանական թեւը, որի առաջնորդ Լեւոն Անանյանը շարունակում է պաշտոնավարելարդեն տասը տարուց ավելի: Որոշակի լարվածություն էր ստեղծվել նկարիչների միությունում, երբ ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը մրցակից ունեցավ` հանձինս Հաղթանակ Շահումյանի, բայց  ի վերջո կարողացավ հաղթել: Գրեթե նույնը եղավ թատերական գործիչների միությունում, որտեղ աթոռը հորից որդուն փոխանցվեց: Արդեն քանի տարի է` Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ընկերների հետ ստեղծել է այլընտրանքային թատերական միություն, որի նախագահն այսօր Արա Խզմալյանն է: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պարոն Բաբայանը նշեց, որ ինքն էլ “Ազգային թատերական ստեղծագործական միավորում” կազմակերպության անդամ է. «Այն հասարակական ստեղծագործական կազմակերպություն է, որը, օրինակ, արդեն վեցերորդ տարին կազմակերպում է “Թատրոն X” փառատոնը»:

-Ինչո՞ւ ստեղծեցիք այդ միավորումը, ինչո՞վ Ձեզ չէր բավարարում թատերական գործիչների միությունը:
-Չէր բավարարում միության խորհրդային կարծրատիպը: Առաջինը միավորումը կազմակերպեց “Թատրոն X” փառատոնը, որի նպատակը հասարակության հետ կապ հաստատելն է: Ամեն մի ներկայացումից հետո տեղի է ունենում քննարկում, ընդ որում, ոչ միայն մասնագետների, այլ նաեւ հանդիսականների շրջանում, որովհետեւ թատրոնն արվեստի ամենաազդեցիկ, ամենաանմիջական ոլորտն է հասարակության հետ կապերի հաստատման տեսակետից: Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում ծանոթացա իրենց, այսպես ասած, արտիստական միությունների գործունեությանը: Այն հզոր արհմիութենական շարժում է, որն իրականացնում է ամենակարեւոր գործառույթը` գրողի, նկարչի, դերասանի, այլ մասնագիտության տեր արվեստի մարդկանց պաշտպանությունը: Չպետք է մոռանալ, որ այդ ոլորտի մարդիկ հաճախակի անպաշտպան են, չգիտեն օրենքները, իրենց իրավունքները, եւ նրանց, նրանց գործը պաշտպանել է պետք: Կարծում եմ` միություններն այդ ուղղվածությունը պետք է ունենան, մի տեսակ արհմիության դեր կատարեն, այլ ոչ թե գործեն խորհրդային գործելաոճով: 
Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս