Բունդեսթագի պատգամավորը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ Քրիստոֆ Բերգները ծաղկեպսակ խոնարհեց հուշահամալիրում: Այնուհետև պատգամավորն այցելեց թանգարան­ինստիտուտ, ծանոթացավ ցուցադրությանը:

Շրջայից հետո լրագրողներից մեկի դիտարկմանը`թե հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումներ են լինելու, Քրիստոֆ Բերգները պատասխանեց. «Մենք նաև քննարկումներ ենք ունեցել Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի ընթացքում` անցյալ տարվա ապրիլին: Հետո մենք ընդլայնեցինք քննարկումները հանձնաժողովներում, որպեսզի գտնենք լուծում, որին խորհրդարանի բոլոր անդամները համաձայն կլինեն: Ես վստահ եմ, որ հունիսի սկզբին մենք կունենանք բանաձևի նախնական տարբերակը, որտեղ մենք կնշենք, որ եղել է Ցեղասպանություն և զոհերը մեզ համար պետք է լինեն զգուշացում»:

Բունդեսթագի պատգամավորը Հայաստան է այցելել ապրիլի 23-­ին կայանալիք Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը նախորդ տարի 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում: «Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,­ասել է Գաուկը:




Լրահոս