«Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպության անդամ ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրել է ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող՝ Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին», նշել է Հովհաննես Սարուխանյանը՝ հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու: Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկհայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը»: