Բաքվի ջարդերը` հայուհու պատմության միջոցով. Ելենա Դուդիչը հանդես եկավ «Արմմոնո»­-ի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ջարդերի մասին` անձի ողբերգության միջոցով: «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14­-րդ փառատոնի շրջանակում դերասանուհի Ելենա Դուդիչը ցուցադրեց «Ռոմեոյի և Ջուլիետի մասին… միայն թե նրանց կոչում էին Մարգարիտա և Աբուլֆազ» ներկայացումն` ըստ գրականության ասպարեզում նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Սեքնդ հենդի ժամանակը» վեպի: «Ներկայացումը հենց Բաքվի ջարդերի մասին է:

Այն մտել է Բելառուսի Մոգիլյովի դրամատիկական թատրոնի խաղացանկ: Շատ կարևոր է, որ Բելառուսում ցուցադրվում է նման ներկայացում: Այն ներկայացվում է ամիսը մի քանի անգամ և հրավիրված է մի քանի միջազգային փառատոնների»,­- «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Ներկայացումը հայկական Ջուլիետի և ադրբեջանական Ռոմեոյի սիրո պատմության մասին է, որը ծնվել է Բաքվի ջարդերի սարսափելի իրադարձությունների ժամանակ և անցել է թշնամանքի, մահվան, պատերազմի փորձությունների միջով, բայց մնացել է անմահ: Գլխավոր հերոսուհին պատմում է իր սիրո պատմությունն, անդրադառնում ադրբեջանական վայրագություններին ու խոստովանում, որ հիասթափվել է մարդկանցից:

Մարգարիտան վերհիշում է մինչ ջարդերը տեղի ունեցած իրադարձությունները, պատմում, որ տարբեր ազգեր ընկերություն էին անում, սակայն ողբերգական դեպքերն ամեն ինչ փոխեցին: Տառապանքն ու ցավը, որոնց միջով անցել է հերոսուհին, չեն կոտրել նրան: Ականատեսի աչքերով հայուհին պատմում է, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները փողոցում կռիվ­կռիվ խաղում և «հայերի ջարդ» կազմակերպում` ծեծելով խրտվիլակի. հետո այդ ամենը վերածվում է իրականության:

Հերոսուհին նշում է, որ իր և ընտրյալի ընտանիքները դեմ են եղել նրանց սիրուն, քանի որ նրանց համոզմամբ` հայն ու ադրբեջանցին թշնամիներ են և չեն կարող իրար սիրել: Մարգարիտան իր և Աբուլֆազի սերը համեմատում է Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմության հետ: Նա ցավով նշում է, որ սումգայիթյան ողբերգությունների մասին լռում էին թերթերն ու հեռուստատեսությունը, բայց բամբասանքները պտտվում էին ամենուր: Մարգարիտան պատմում է, որ Բաքվի ջարդերի ընթացքում ադրբեջանցիները սպանում էին ոչ միայն հայերին, այլև նրանց, ովքեր թաքցրել են հայերին, վերհիշում է սոսկալի իրադարձությունները, վերապրում դաժան ակնթարթները:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29­-ից մայիսի 3­-ն անցկացվում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14­-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան): Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:




Լրահոս