ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում “լրագրողների տեսախցիկի ֆիքսած” դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը “թիկունքից փաթաթվել” ու համբուրել է “քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ” պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ “Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…” և այլն, և այլն:
Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:
Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:
Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի: