ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԿՐՃԱՏԻ՞ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին գրեթե բոլոր գերատեսչությունները լծվել են ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին՝ ընդառաջ գնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի հանձնարարականին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ «վարակվել» է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության մայիսի 12-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ կառավարությունը պետք է անցնի խնայողության առավել խիստ ռեժիմի: Եւ մեկ շաբաթ անց՝ մայիսի 19-ի կառավարության նիստին, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ավտոմեքենաների կրճատման խնդրին մոտեցել են փուլային եղանակով, եւ առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա:
«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջին քայլն է, եւ պետական մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի: Քայլ առ քայլ պետք է կրճատենք պետական ավտոմեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլը չօգտագործվող մեքենաների օտարումն է»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ այսպես բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Միաժամանակ տեղեկացնենք, որ 2015 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1072 ծառայողական մեքենա կա:
Կառավարությունում, ապա եւ Ազգային ժողովում ծառայողական ավտոմեքենաների կրճատման ֆոնին «ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքապետարանի աշխատակազմը եւս չի պատրաստվում կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների թիվը: Պարզվեց՝ պատրաստվում են: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակի նվազեցման ուղղությամբ ՀՀ գործադիր մարմնի կողմից տարվող աշխատանքներին զուգընթաց, Երեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի հանձնարարությամբ եւ անմիջական հսկողությամբ նախաձեռնել է համայնքի եւ ենթակա կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների փաստացի գույքագրման եւ դրանց կրճատման գործընթաց:
Քաղաքապետարանից տեղեկացանք նաեւ, որ ներկա ժամանակահատվածի համար արդեն իսկ գույքագրվել եւ օտարման նպատակով գնահատման գործընթացում են գտնվում թվով 26 մարդատար տրանսպորտային միջոցների անհրաժեշտ փաստաթղթերը: «Գործընթացն իրականացվելու է փուլային տրամաբանությամբ եւ լինելու է շարունակական: Նշված գործընթացն ինքնանպատակ չէ, եւ հիմքում դրվում է ավտոմեքենաների այն քանակի կրճատումը, որոնց օտարումը չի խաթարի ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ ենթակա կազմակերպությունների ամենօրյա աշխատանքային բնականոն գործունեությունը»,- փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից՝ հավաստիացնելով, որ օտարվող մեքենաների պարագայում կնվազեցվի եւ կտնտեսվի նաեւ ծախսվող վառելիքը:
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ քաղաքային իշխանություններին այսօր սպասարկում է 62 ծառայողական մեքենա: Շահագործվում են ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ Երեւանի ենթակայության «Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ:
«Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված եւ Երեւանի քաղաքապետարանին սպասարկող ավտոմեքենաները 18 հատ են, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների խմբակցությունների ավտոմեքենաները՝ 44: Ինչպես հայտնի է՝ գերատեսչությունները սովորաբար ձեռք են բերում նոր, ոչ թե օգտագործված մեքենա: Այս թեմային «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր դեռեւս ամիսներ առաջ եւ տեղեկացրել, որ քաղաքապետարանի հաշվեկշռում ներառված է 44 ծառայողական ավտոմեքենա՝ 4 հատ «Լադա 21214» մակնիշի ավտոմեքենա, 4 հատ «Լադա 21723», 5 հատ «Լադա 21703-135-01», 3 հատ 2011 թվականի արտադրության «Հունդաի Սոմատա», 16 հատ «Կիա Սերատո», 1 հատ «Մազդա 6», 6 հատ «Կիա Օպտիմա», 4 հատ էլ «Նիսսան Թեանա» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ, ահա, «Մերսեդես-Բենց S-550» մակնիշի ավտոմեքենայով, որի գինը Հայաստանում տատանվում է 100-120 հազար դոլարի սահմաններում, շրջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի այս տարվա գնումների պլանով 46 հատ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է մոտ 1 մլն 800 հազար դրամ: Իսկ մարդատար 47 ավտոմեքենայի պահպանման ծառայության համար հատկացվել է 211 մլն 500 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար հատկացվել է 4.5 մլն դրամ: Բացի այս՝ քաղաքապետարանը գնել է ռեգուլյար եւ պրեմիում տեսակի բենզին. պրեմիում տեսակի 1 լիտր բենզինի համար քաղաքապետարանը վճարել է 420 դրամ: Ընդհանուր գնվել է 73 200 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ 30 մլն 744 հազար դրամով: Իսկ, ահա, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը գնվել է 405 դրամով, 86 080 տոննա ռեգուլյար բենզինի համար էլ վճարվել է մոտ 35 մլն դրամ:
Առայժմ վաղ է ասել, թե խնայողության ռեժիմի անցնելու մասին իշխանությունների հայտարարությունները որքանով կիրականանան: Հուսանք, որ մեքենաների կրճատման այս գործընթացը չի կրի իմիտատիվ բնույթ եւ «դարն ապրած» հնամաշ մեքենաների դուրս գրմանը զուգահեռ կվերանայվեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների գները, եւ, օրինակ, երկրի վարչապետը կամ Երեւանի քաղաքապետը կսկսեն շրջել ավելի համեստ՝ մեր երկրի տնտեսական վիճակին համապատասխան մեքենաներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2015թ. պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական:
Ըստ Ջանջուղազյանի՝ 2014թ. համեմատ սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 12%-ով կամ 41.2 մլրդ դրամով: Անցած տարի ավելի քան 1.2 մլրդ դրամ տրամադրվել է վատառողջության եւ անաշխատունակության խմբին՝ ապահովելով 99.2% կատարողական: Ավելի քան 1 մլրդ դրամ տրամադրվել է անաշխատունակության դասին` ապահովելով 99.3% կատարողական:
2014թ. համեմատ ծախսերը նվազել են 1.4%-ով: Ծերության դասի ծրագրերին 2015թ. հատկացվել է շուրջ 283.2 մլրդ դրամ՝ ապահովելով 100% կատարողական: 2014թ. համեմատ նշված ծախսերն աճել են 17.7%-ով: Սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 22 մլրդ դրամ կամ նախատեսվածի 100%-ը: 2014թ. համեմատ նշված ծախսերն աճել են 2.3%-ով կամ 488.7 մլն դրամով, ինչը պայմանավորված է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի բարձրացմամբ:
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների ծախսերը կատարվել են 100%-ով եւ կազմել շուրջ 13.3 մլրդ դրամ: 2014թ. համեմատ դրանք աճել են 15.9%-ով կամ 1.8 մլրդ դրամով:
Ա. Ջանջուղազյանը նշեց նաեւ, որ կենսաթոշակների ծախսերը կազմել են շուրջ 2.4 մլրդ դրամ՝ ապահովելով 100% կատարողական: Աշխատանքային կենսաթոշակների ծախսերը կազմել են 221.7 մլրդ դրամ: 2014թ. համեմատ ծախսերն աճել են 13.9%-ով կամ 27 մլրդ դրամով՝ պայմանավորված հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացմամբ:
Ավելացնենք նաեւ, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում օգտագործվել է 20.8 մլրդ դրամ՝ ապահովելով 100% կատարողական:




Լրահոս