ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց ԴԵՊԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ Բրյուսելում խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Եվրախորհրդարանը վավերացրել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի` վիզային ռեժիմի պարզեցումը թույլ կտա նոր թափ հաղորդել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությանը:
Նոր կանոնակարգերը վիզաների տրամադրման գործընթացները կդարձնեն ավելի արագ (որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դրության պայմաններում` 2 օր կամ ավելի քիչ), ավելի էժան (դիմումը կարժենա 35 եվրո) եւ կազատեն բյուրոկրատական քաշքշուկներից (պահանջվող փաստաթղթերի թիվը կրճատվել է բնակչության որոշ խմբերի համար` ուսուցիչներ, ուսանողներ, գործարարներ, լրագրողներ, գիտնականներ եւ այլն): Պարզեցվել են նաեւ բազմակի մուտքի վիզաների տրամադրման համար պահանջվող չափանիշները:
Ի՞նչ ազդեցություն կունենա այս համաձայնագիրը Հայաստանի եվրաինտեգրման գրեթե կասեցված գործընթացի վրա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում: Քանի որ մենք Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ ենք, այս համաձայնագիրն ապահովում է հարմարավետ եւ անվտանգ տեղաշարժ: Այսուհետ ուսանողները, գիտնականները եւ այլ խմբեր կարող են առավել իջեցված սակագնով տեղաշարժվել եվրոպական երկրներում: Ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից՝ սա լավագույն լուծումն է որոշակի խնդիրների համար եւ էական  քայլ դեպի մեր երկրի` եվրոստանդարտներին մոտեցում»:
Արդյո՞ք այս համաձայնագիրը չի խթանի արտագաղթը եւ իր մեջ ի՞նչ բացասական տարրեր կարող է պարունակել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ասաց. «Արդյունքում հասարակ մարդկանց կյանքում որեւէ փոփոխություն չեղավ: Սա սովորական գործընթաց է, որը վերաբերում է ընդամենը որոշակի սոցիալական խմբերի, եւ պետք է նշեմ, որ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին առանձնապես տեղաշարժային քայլ չէ, ստանդարտ մի երեւույթ է, որը եվրոպական կողմնորոշում չունեցող շատ երկրներում եւս կիրառվում է: Իմ համոզմամբ` այնպիսի աննշան իրադարձություն է, որ արտագաղթի վրա ո՛չ դրական, ո՛չ բացասական ազդեցություն չի կարող ունենալ»:
Հավելենք, որ Հայաստանում 2013թ. հունվարի 10-ից ուժի մեջ է մտել Եվրամիության անդամ եւ շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը:
Ի դեպ, Եվրամիությունն արդեն կնքել է վիզայի տրամադրման դյուրացման մասին համաձայնագիր ԵՄ անդամ չհանդիսացող 9 երկրի հետ: Հարավային Կովկասից նման համաձայնագիր արդեն կնքվել է Վրաստանի հետ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս