ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ
Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի ավագ խորհրդական: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Էդիկ Բարսեղյանը՝ հավելելով. «Կարող է՝ ինձ առաջարկեին այլ գերատեսչություն, եւ ես չհամաձայնեի, իսկ ոստիկանությունն ինձ համար հոգեհարազատ տեղ է: Ավելին, Վլադիմիր Սերգեյեվիչ Գասպարյանն էլ բավականին կայացած ու լուրջ ղեկավար է: Կրկնում եմ՝ իմ ցանկությամբ, ոստիկանապետի առաջարկությամբ նշանակվել եմ ոստիկանապետի ավագ խորհրդական»: Հիշեցնենք, որ երբ նույն Բարսեղյանը մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատճառաբանեց տարիքն ու հոգնածությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ տարիքը չի խանգարում աշխատել ոստիկանությունում: Մեր այս հարցին Բարսեղյանը պատասխանեց. «Ես տարիքի մասին ոչինչ չեմ ասել: Միայն ասել եմ, որ դուրս եմ գալիս մարզպետի պաշտոնից, քանի որ ծանրաբեռնված աշխատանք է, ու, առհասարակ, 44 տարի է, ինչ աշխատում եմ պետական աշխատանքի տարբեր ոլորտներում»:
ԱԶԱՏԵԼՈՒ Է-1
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին: Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասե՛ք, թող աչքիս չերեւա ընդհանրապես»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով: «Ես նման տեղեկություն չունեմ»,-մեզ հետ զրույցում կարճ ասաց դատախազը: Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց. «Աշխատանքային, կառուցողական, որեւէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»: Դիտարկմանը, թե Գ. Կոստանյանը լուրջ կադրային փոփոխություններ է կատարում եւ որոշել է իրեն աշխատանքից ազատել, Վ. Մարգարյանը նշեց. «Ես աշխատում եմ»:
ԱԶԱՏԵԼՈՒ Է-2
Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի «սեւ ցուցակում գտնվող» Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը արձակուրդի մեջ է, եւ իրեն աշխատանքից չեն ազատել: «Ոչ էլ դիմում եմ գրել: Նման բան չկա, դիմե՛ք մեր հանրային կապերի վարչություն, Ձեր հարցերին կպատասխանեն: Ես արձակուրդում եմ: Լավ, եղավ, ցտեսություն»,-ասաց մեր զրուցակիցն ու անջատեց հեռախոսը: