ՀԱՕԿ լրատվության բաժնի աշխատակիցներ Շուշանիկ Հակոբյանը և Վարվառա Հայրապետյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում վարելու են «BLOG-օրագիր», որտեղ կներկայացնեն ամառային 31-րդ խաղերում կատարվող ամենահետաքրքիր դրվագները, որոնք մնում են «վարագույրից այն կողմ»: armnoc.am -ի ընթերցողները, բացի պաշտոնական լուրերից, հնարավորություն կունենան տեսնել և լսել այն ամենն, ինչ կատարվում է ամենագլխավոր մարզական միջոցառման ընթացում:
Ժամանում
Երևան-Մոսկվա-Լիսաբոն-Ռիո դե Ժանեյրո ճանապարհն, ընդհանուր առմամբ, տևեց 28 ժամ, բայց, երազանքի հետևից տարիներով գնալուց հետո, 28 ժամն ակնթարթին հավասար մի բան է:
Ճանապարհը երկար էր, բայց սպասված, այն հոգնեցուցիչ էր, բայց սիրով արված գործում հոգնածությունը տեղ չունի: Ռիոյի օդանավակայանում առաջին գործը եղավ մեր հավատարմագրումների գրանցումը և ակտիվացումը:
Մինչ դուրս կգայինք, ամենուր Օլիմպիական խաղերը խորհրդանշող իրեր էին, սակայն չշտապեցինք գնումներ անել, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է:
Առաջին տպավորությունը
Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքն իսկական ծովափնյա քաղաք է` օդը խոնավ է, և առաջին հայացքից ամբողջ թոքերով շնչելը բավականին դժվար է: Խոնավությունն ամենուր է: Օդանավակայանից` հյուրանոց ճանապարհին մեզ կարճ ներկայացրին Ռիո դե Ժանեյրոն: Ներկայացրի՞ն, թույլ տվեք ուղղել` վախեցրին. «Այստեղ շատ տարածված է գողությունը»: Անապահով մարդիկ շատ-շատ են: Մեզ խորհուրդ տվեցին դուրս չգալ զբոսնելու միայնակ, հեռախոսներն ի ցույց չդնել, շատ գումար չվերցնել, զարդեր չկրել, և, ամենակարևորը, ֆավելաներ չգնալ: Սակայն, իրականում, պատկերն այդքան էլ սարսափելի չէր: Ռիոն անկանոն քաղաք է: Այստեղ կողք կողքի բնակվում են ծայրահեղ աղքատ և հարուստ մարդիկ և իրարից բաժանված են պարիսպներով և փշալարերով: Չնայած ծայրահեղություններին` մարդիկ շատ ջերմ են ու ժպտերես: Նրանք իսկապես երջանիկ են: Ռիոն ունի երկու բևեռ` ֆավելաները և հարուստների կեցավայրերը: Բայց եթե օլիմպիական ավանում` լրատվական կենտրոնում, չես, ապա գուցե չնկատես, որ 31-րդ Խաղերն անցկացվում են այստեղ:
Մրգերը
Բրազիլական մրգերն մի հատուկ ուշադրության են արժանի: Բրազիլիա գալուց առաջ ինքներս մեզ խոստացել էինք, որ կհամտեսենք հնարավոր ամեն ինչ: Դեռ չենք փոշմանել: Բրազիլիա հասնելը և չփորձելը մանգո, պապայա, մարակուժա, բանան, կարամբոլ, գուավա և դեկոնդե պարզապես մեծ մեղք կլիներ: Ամեն ինչ դեռ առջևում է…
Մեդիա ավան
Լրագրողների համար նախատեսված ավանը գտնվում է օլիմպիական ավանից բավականին հեռու` մոտ 30-45 րոպե ավտոբուսով: Իրականում, դա բավականին անհարմարություններ է պատճառում մեզ: Ամենուր կամավորներ են, ովքեր մեծ սիրով ցանկանում են օգնել բոլորին: Ճիշտ է, նրանց մեջ անգլերեն խոսողները քիչ են, սակայն շատ հաճախ հասկանում ենք իրար. մենք` հայերենով կամ անգլերենով, նրանք` պորտուգալերենով: Բնակարանները, որոնք նախատեսված են լրագրողների համար, կառուցված են նոր թաղամասում: Համեմատության համար ասենք, որ 3 սենյականոց բնակարանն արժե 750.000 ռեալ կամ 250.000 ԱՄՆ դոլար: Բացի հեռավորությունից` մեդիա ավանում բավականին խնդիրներ կան` կապված խողովակների, հոսանքի, որն ընդհամենը` 110 վոլտ է, և այլ հարմարությունների հետ:
Օլիմպիական գյուղ
Ռիո դե Ժանեյրոյի ամենալուսավոր կետը այս օրերի ընթացքում` օլիմպիական գյուղն է: Այստեղ են հավաքված աշխարհի ամենահայտնի մարզիկները: Բոլոր շենքերը ծածկված են տարբեր դրոշներով: Կյանքը եռում է այստեղ: Առաջիկա օրերին ավելի մանրամասն կներկայացնենք գյուղի կյանքը:
Օլիմպիական ավան
Հայ մարզիկները հիմանականում ելույթ են ունենալու Բարայում: Այսօր ծանոթացանք այդ շրջանի մի քանի կառույցներին: Նախապատրաստական, վերջին աշխատանքներն ակտիվ փուլում էին: Այժմ հարաբերական հանգիստ է: Տոնը կսկսվի վաղվանից, երբ Խաղերը պաշտոնապես բացված կլինեն:
Հաշված ժամեր անց Ռիոն կդառնա մարզաշխարհի բազկերակը…
Եվ թող տա Աստված, որ մեր հրաժեշտի նյութերում կարողանանք գրել, որ ականատես ենք եղել 25-ամյա անկախ Հայաստանի երկրորդ Օլիմպիական չեմպիոնի պարգևատրմանը:
ՀԱՕԿ լրատվության պաշտոնական կայքը պատասխանատվություն չի կրում «BLOG-օրագրում» տեղ գտած գրառումների համար:
Շուշանիկ Հակոբյան
Վարվառա Հայրապետյան
Օլիմպիական Ռիոյից