ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով անցյալ տարվա մարտի 27-ից մինչեւ հունիսի 14-ը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության որոշմամբ արգելանք է դրվել ՊՈԱԿ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների, այդ թվում` բանկային հաշիվների վրա` 69 մլն 445 հազար դրամի չափով:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են խախտումներ շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Ազգային պարկի իրավաբան Գուրգեն Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ստուգման ակտն անհիմն է եւ կազմվել է գործող օրենսդրության պահանջների խախտմամբ: Հավելենք, որ ՊՈԱԿ-ն անցյալ տարի՝ սեպտեմբերի 10-ին, բողոք է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության կողմից անցյալ տարվա հուլիսի 10-ին կազմված ստուգման ակտի դեմ` խնդրելով օրենքով սահմանված կարգով հարուցել վարչական վարույթ եւ ստուգման ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչել: Արդյունքում՝ գանգատարկման հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, սակայն, ի վերջո, որոշվել է ստուգման ակտը թողնել անփոփոխ: Այս անգամ արդեն ազգային պարկը ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան:
Ըստ իրականացված ստուգումների՝ արձանագրվել է, որ վարձակալությամբ տրամադրված հողի եւ գույքի վարձավճարները ժամանակին չվճարելու համար վարձակալների նկատմամբ պակաս հաշվարկված տույժի գումարները կազմել են համարյա 7.5 մլն դրամ: Եվ այդ գումարը եկամուտ չձեւակերպելը ստուգողները համարել են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի խախտում:
«Ստուգողները եկամուտ են համարել ոչ թե գանձված կամ կազմակերպության կողմից հաշվարկված տույժի գումարները, այլ չհաշվարկված եւ չգանձված տույժի գումարները, այսինքն՝ եկամուտը ճանաչել են հաշվեգրման եղանակով»,-ներկայացրեց ազգային պարկի իրավաբանը: Իսկ եկամտահարկի գծով ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2009թ. 2-րդ եռամսյակից մինչեւ 2011թ. 4-րդ եռամսյակը ներառյալ եկամտահարկի հաշվետվություններում պակաս են ցույց տրվել 49 մլն 180 հազար 405 դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված միջոցներ: Այդ գումարներից չի հաշվարկվել եւ բյուջե չի վճարվել համարյա 9.5 մլն դրամ եկամտահարկ, որից 8 մլն դրամ եկամտահարկն առաջացել է 2010-2011թթ. ջրածածկ անտառտնկարկների մաքրման արդյունքում ֆիզիկական անձանց տրամադրված անտառանյութի գործարքներից:
Նշենք, որ ստուգման արդյունքում արձանագրվել է նաեւ այն, որ 2010թ. եւ 2011թ. ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրով Սեւանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում կուտակված անտառանյութը տրամադրվել է անհատույց, եւ ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվել, որով կրկին խախտվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները: Այդ գործարքների գծով պակաս հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը կազմել է 6 մլն 991 հազար 119 դրամ:
«Նման եզրահանգման գալուց հարկային մարմինը հիմնվել է զուտ ենթադրությունների վրա, չի ուսումնասիրել տվյալ փաստին վերաբերելի հանգամանքները, կապալառուների հետ կնքված համապատասխան կապալի պայմանագրերը, չի տվել հիմնավորում համարյա 7 մլն դրամ հարկային պարտավորություն առաջանալու հիմքերի մասին, չի ներկայացրել համապատասխան հաշվարկ: Հարկայինը պնդում է, որ այդ պայմանագրերը սխալ են այն դեպքում, երբ ազգային պարկն ինքը չի կազմել դրանք, այլ նմուշների օրինակն ուղարկել են կառավարությունից»,-արձանագրեց իրավաբանը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչությունը պատշաճ կարգով չի ուսումնասիրել կապալառուների հետ կնքված «Սեւանա լճի ափամերձ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման» պայմանագրերը, որոնց 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերի համաձայն՝ բոլոր տեսակի հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների մուտքերը պետք է կատարվեին բացառապես կապալառուների միջոցների հաշվին:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանն էլ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը փորձում էր դիմել ծայրահեղ գործողությունների, ընդհուպ մինչեւ ազգային պարկի գործունեության դադարեցում: «Ճիշտ է, ակտը մուծել ենք, բայց, միեւնույն է, համաձայն չենք դրա հետ: Մենք մեղավոր չենք: Այս պահին ոչ մի գործարք չենք կարողանում անել: Չէ՞ որ գյուղացիներն են տարել այդ փայտանյութը, նրանց հետ են կնքվել պայմանագրերը: Գոնե հանդուրժողականություն ցուցաբերեն»,-զայրացած նկատեց Գուլանյանը՝ լրացնելով, որ ազգային պարկը վերջին մեկ տարվա մեջ 200 մլն դրամի, իսկ վերջին 3-4 տարվա մեջ՝ 400 մլն դրամի հարկային պարտավորություն է կատարել: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ գյուղացիներն ավելի լավ են մաքրել լճի անտառածածկ տարածքը, քան տենդերով շահած կազմակերպությունները:
Սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության իրավաբան Արմեն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք այս դեպքում ճիշտ են. «Իրենք իրենց տեսակետն են առաջ քաշում, դա իրենց իրավունքն է, բայց, ամեն դեպքում, գործը դատական կարգով վիճարկվում է: Իրենք ուղղակի օրենքն այլ կերպ են մեկնաբանում, մենք՝ այլ: Դատարանը կորոշի»: Նշենք, որ այս գործով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին:
Վերջում նկատենք, որ ՊԵԿ-ի դեմ այս պայքարում ազգային պարկը մենակ է. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը միաժամանակ ՊՈԱԿ-ին կից խորհրդի նախագահն է, կարծես «լվացել են իրենց ձեռքերը»:
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-Ը՝ ԾԱՅՐԱՀԵՂ ՎԻՃԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ