ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽԺՌԵՑ ԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականն անակնկալ էր հասարակական-քաղաքական շրջանակների համար, նշանակում է` ոչինչ չասել: Իսկ որ կատարվածը սովորական իրադարձություն չէ, միանշանակ է: Ի վերջո, Կոստանյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի պաշտոնյաներից էր ու ենթարկվում էր բացառապես նրան:

Ոչ արժանահավատ
Ու այս համատեքստում պետք է նշենք, որ պաշտոնական` առողջության հետ կապված խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմումի վարկածին որեւէ մեկը չի հավատում: «Մի բան կա» այս ձեւակերպումը թեւածում է ամենուր: Որքան էլ պաշտոնական լրահոսը ձգտեն հագեցնել ուժային ոլորտներում արված հին ու նոր փոփոխությունների հայտարարություններով, միեւնույն է, նկատելի է, որ դատախազի հրաժարականը սովորական բան չէ:
Նախ հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը համարվում է նախագական երիտթեւի ներկայացուցիչը, որը նշանակվեց դատախազ` ուժեղացնելու այդ թիմը եւ բարձրացնելու նախագահի հեղինակությունը: Այդ ճանապարհին Կոստանյանը առճակատման դուրս եկավ բոլորի` իրավապահ համակարգի ղեկավարների, քաղաքական ու հասարակական դեմքերի, անգամ իր հարազատների հետ: Ու հասկանալի էր, որ հակադրությունների ճանապարհով գնացող դատախազը երկար չէր կարող գործել: Կա՛մ պետք է երկրում իրավիճակ փոխվեր, որպեսզի քրեական տարրերի խնդրանքները մերժող պաշտոնյան դառնար պահանջված, կա՛մ պետք է նա հեռանար:
Մինչեւ երեկ նկատելի էր, որ գլխավոր դատախազին ազատ ու անկաշկանդ գործելու քարտ բլանշ էր տրված: Անգամ անձեռնմխելի թվացող պաշտոնյաների հասցրեց «կուլ տալ»: Ու հատկապես այս փուլում, երբ լարվածության ֆոնին հասարակական նոր պահանջ է ձեւավորվել` էլի շատ պաշտոնյաներին «կուլ տալու» մասով (փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գերդաստանից սկսած), պետք է դատախազն ավելի ակտիվ գործեր: Բայց դերասանության ժամանակներն անցան:
Ուրեմն ի՞նչը կարող էր ստիպել նրան հրաժարական տալ:
Պալատական խարդավանքներ
Նկատենք, որ արձակուրդից վերադառնալուց հետո Գեւորգ Կոստանյանը չի պատկերացրել, որ երկրում իրավիճակ է փոխվել: Եւ նախկին էնտուզիազմով նախ հուլիսի 30-ին «Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով» քրեական գործ հարուցեց, ապա նաեւ օգոստոսի 1-ին միանգամից երկու հաղորդագրություն տարածեց` մեկը «Օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործերը պահանջվել են ԱԱԾ-ից եւ ՔԿ-ից եւ ուղարկվել ՀՔԾ», երկրորդը` «Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար»:
Այս հանդգնությունը չներվեց դատախազին, քանի որ ուժային մյուս կառույցների ղեկավարներն այստեղ արյան գնով Սերժ Սարգսյանի իշխանությունն են պահել, հանկարծ հանգստից վերադարձած Կոստանյանը որոշել է պատժել ինչ-որ մեկի: Ահա, այսպես, ըստ ամենայնի, գլխավոր դատախազը քաղաքական հրահանգ է ստացել ցուցարարներին բանտերում պահելու, իսկ ուժային կառույցներին ու քրեական տարրերին քրեական գործերից մաքրելու մասով:
Կոստանյանը, հաշվի առնելով տարիքը, որոշեց առայժմ չվարկաբեկվել այդքան` մի նոր մարտի 1 վերցնելով իր ուսերին եւ վերջնականապես հեղինակազրկվելով: Դրա համար էլ գնաց մի քանի ամսով «թայմ աութի»: Ինչու «թայմ աութ», որովհետեւ հասկանալի է, որ կադրերի սով ունեցող իշխանական այս համակարգում Կոստանյանն առաջիկայում այլ պաշտոն կունենա, բայց արդեն լիովին գիտակցելով, թե ինչն է կարելի, ինչը` ոչ:
Այսպիսով՝ փլվեց այն միֆը, թե երիտասարդները գալիս են նոր ավյունով, նոր ավանդույթներով ու բարեփոխված: Չկա նման բան: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող ռեալ վտանգ կա, ուրեմն բոլորն էլ դառնում են նույն գազանը` անկախ տարիքից, կրթությունից ու փորձից: Մեր երկրում ոչինչ էլ չի փոխվելու:
Բայց Գեւորգ Կոստանյանն իր հրաժարականով նախ ցույց տվեց, որ այնքան էլ ուժեղ չէ, ինչպես ցույց էր տալիս, որ ի վիճակի չէր պայքարել` իր դիրքորոշումները գերիշխող դարձնելու համար, նա հանձնվեց ու ընդունելով խաղի կանոնները՝ հեռացավ:
Իրավական խառնաշփոթ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի հետ կապված բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, որը փաստում է, թե ինչպես են ՀՀ իշխանությունները սեփական վախերով պայմանավորված իրավական շիլաշփոթներ ստեղծում` իրենց ղեկավարությանը պարտադրելով անօրինական գործողությունների:
Այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազության կայքում երեկ հրապարակված հաղորդագրության մեջ նշված էր. «ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, եւ ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:
Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը եւ նույն դրույթի 2-րդ ենթակետը սահմանում են.
«1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին»: Բայց նախագահին դիմում է ներկայացնում, որ ինչ անի, չէ՞ որ ՀՀ գլխավոր դատախազին իր պաշտոնում նշանակում եւ ազատում է ՀՀ Ազգային ժողովը:
Նախագահը չի կարող ստորագրել
Այլ կերպ ասած՝ եթե Սերժ Սարգսյանը որոշի Կոստանյանի հրաժարականը հաստատող որեւէ փաստաթուղթ ստորագրել կամ այլ իրավական քայլ կատարել, ապա կչարաշահի իր պաշտոնեական դիրքը, քանի որ չկա որեւէ օրենք, որը նրան իրավունք է տալիս գլխավոր դատախազի հրաժարականն ընդունել, եւ այդ տեսանկյունից կանոնակարգում է գործընթացը:
Մյուս կողմից՝ ՀՀ Սահմանադրությունը եւ «ԱԺ Կանոնակարգ» օրենքը հստակ կանոնակարգում են գործընթացը: Նախ նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման եւ ազատման հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն հին խմբագրմամբ Սահմանադրությամբ:
ԱԺ-ն պետք է ընդունի հրաժարականը
Բանն այն է, որ փոփոխված Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ դատախազության մասին 8-րդ գլուխը «ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այսինքն՝ հին Սահմանադրության 103-րդ հոդվածը գործում է, ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազին նշանակում է ԱԺ-ն` հանրապետության նախագահի առաջարկությամբ: «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածը սահմանում է գլխավոր դատախազի ինչպես ընտրության, այնպես էլ հրաժարականի կարգը:
Մասնավորապես, հրաժարականի կարգը սահմանված է նշված դրույթի 6-րդ մասում «Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում տվյալ անձը գրավոր դիմումով՝ ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին. բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված»: Այլ կերպ ասած՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով Գեւորգ Կոստանյանը դեռեւս փոշմանելու հնարավորություն ունի:
2 դատախազներով
Հավելենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության պահանջները պահպանելու դեպքում Գեւորգ Կոստանյանը մեկ ամսից ավել էլ դեռեւս պետք է պաշտոնավարի: Ու եթե Գեւորգ Կոստանյանը խորհրդարանին հրաժարական չներկայացնի, ապա օրենսդիրն իրավունք չի ունենա նորին նշանակել: Հակառակ դեպքում իրավական տեսանկյունից Հայաստանը կունենա երկու գլխավոր դատախազ՝ մեկը նա է, որին ԱԺ-ն նշանակել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ին եւ այդպես էլ պաշտոնանկ չի արել, եւ մյուսը՝ 2016-ի աշնան նշանակածը:
Եւ իրավական տեսանկյունից քանի դեռ խորհրդարանը չի ընդունել Գեւորգ Կոստանյանի հրաժարականը, նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ՝ անկախ իր ցանկությունից:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուներ՝ մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՈՐ ԻՆՉ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ
Արդեն երեք օր է՝ Հայաստանի լրագրողական աշխարհը եւ ընդհանրապես հանրությունը փորձում են հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը ոստիկանությանը շնորհակալություն հայտնեց: Արդյոք նա այնքան է իրականությունից կտրվել, որ ցուցարարների, այդ թվում նաեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին տեղյակ չի եղել: Կամ ինչպես կարող է թաղային խուժանի հետ քաղաքացու դեմ մարտնչող ոստիկանին շնորհակալություն հայտնել: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԱԱԾ-ի ղեկավարությունը Սերժ Սարգսյանին հասկացրել է, թե իրենց օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Սասնա ծռերի» դրսում գտնվող համախոհները փորձելու են ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հասնել ՊՊԾ գնդի տարածք: Այնտեղից արդեն ժողովուրդը «Սասնա ծռերի» խմբի անդամների եւ հատուկ տեխնիկայի ուղեկցությամբ իբր պետք է գրոհեին նախագահական նստավայրը եւ ստիպեին Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին համոզել են, որ թաղային խուժանն ու ոստիկանությունը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հանուն «շեֆի» են վայրագություններ կատարել: Ահա եւ շնորհակալության առիթը:

 

 

ԱՐԱԳ ՊՐԾԵՔ, ԳՆԱՆՔ
Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը ռեկորդային կարճ տեւեց՝ 25 րոպե: Բացի այս՝ ուշագրավն այն էր, որ նախարարների մեծ մասը ներկա չէր նիստին: Իսկ ով էլ ներկա էր, նախընտրեց կառավարության շենքի ետնամուտքից գաղտագողի դուրս գալ: Այսինքն՝ ՀՀ կառավարության անդամները, ինչպես միշտ, խուսափում են լրագրողների հետ շփվելուց: Թերեւս այս հանգամանքը եւս մեկ անգամ փաստում է, որ նրանք չեն տիրապետում Հայաստանում տիրող վիճակին եւ պարզապես չգիտեն, թե հարցերին ինչպես պատասխանել:

 

 

ԿԱՅԱՆԸ  ԽԱԽՏՈՒՄՈՎ Է ԳՆՎԵԼ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արարատի մարզպետարանը արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով բանակցային ընթացակարգով հակակարկտային կայաններ է ձեռք բերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել մարզպետարանի գնման գործընթացին: Պարզվել է, որ «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով սահմանված համանման պայմանագրի կատարման փորձառություն ունենալու համար ներկայացվող պահանջները չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին:




Լրահոս