Բացի կարկտահարությունից, որը մեծ վնաս հասցրեց մեր գյուղատնտեսությանը, մենք այլ բնակլիմայական պայմանների խնդիր չենք ունեցել, օրինակ, երաշտի խնդիր չենք ունեցել: Բնակլիմայական պայմանները լավ են եղել, կարտոֆիլի բերքը կայուն է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշում է, որ անընդհատ փոփոխվում է Կառավարությունը, բայց խնդիրները միևնույն է մնում են. «Կառավարությունը միջոցներ ձեռք չառավ, որպեսզի պայքարենք լոբազգիների ցեցի դեմ, այստեղ լոլիկի արտադրությունը խթանելու համար, արդեն հինգ-վեց տարի է այդ խնդիրը մենք ունենք: Ղեկավարները գալիս-գնում են, բայց ոչինչ չի փոխվում: Հիմա մենք լուծելու շատ խնդիրներ ունենք նաև անասնաբուժության հետ կապված, կան հիվանդություններ, որոնց դեմը էդպես էլ չի առնվում»:
Սրանից զատ նա կարևորում է նաև խաղողի մթերման հետ կապված խնդիրները. «Ամենամեծ պրոբլեմը խաղողի վաճառքի հետ կապված պատմությունն է, քանի որ գործարանները իրենց արտադրանքները չեն կարողանում վաճառել:
Սա մի խնդիր է, որի շուրջ դժգոհություններն առաջիկա օրերին ավելի շատ կլինեն: Պետական որոշ նախարարներ, փոխնախարարներ ցույց են տաիս, որ խաղողի վնասները ընդհանուր կազմում են 800 միլիոն. բայց վնասն իրականում կրկնակի շատ է»:
Բերբերյանը նաև նշեց, որ պայմանգիր է կնքվել, որի համաձայն ՀՀ-ն կսկսի կարտոֆիլի արտահանմամբ զբաղվել. «Այս տարի պայմանագիր է կնքվել ՌԴ-ի Նիժնիյ Նովգորոդի առևտրային կազմակերպությունների հետ, և մեկ տարի անց արդեն ՀՀ-ից կսկսենք կարտոֆիլի արտահանմամբ զբաղվել»: