Վահան Շիրխանյանի մահը կմնա նրանց խղճին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները ամիսներ շարունակ բարձրաձայնում են, որ առողջ վիճակով, «իր ոտքով Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մտնելուց հետո Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, եւ 50 մետր տեղաշարժվելու համար նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ, ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ վերջապես բարեհաճեց այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ. «Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն. հրավիրվել է բժշկական կոնսիլիում… Ըստ կոնսիլիումի արդյունքների` Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Ավելին` ԱՆ-ն լրացուցիչ հետազոտությունների համար անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել:

«Ձայն բարբառոյ յանապատի» վիճակ է նաեւ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչպես են վերաբերվում կալանավայրում ՀՀ քաղաքացու, նախկին փոխնախարարի հետ:

Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վ. Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց եւ ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ երեկ հայտարարեց, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալը չապրի, Շիրխանյանի կյանքը վտանգված է:

Գուցե, եթե նոյեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը կայանար, եւ լրագրողներն իրենց աչքով տեսնեին ու արձանագրեին Շիրխանյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, պետական «պատժիչ» գերատեսչություններն ավելի զուսպ գտնվեին իրականությունից հեռու հայտարարություններ անելուց առաջ:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթության կարգով քննել Վահան Շիրխանյանի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ սեպտեմբերին ներկայացված գանգատը: Հետաքրքիր է` ինչպես են արդարանալու ՀՀ պետական կառույցները, երբ ՄԻԵԴ-ն ընդդեմ կառավարության հերթական վճիռը կայացնի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս