«Ժողովուրդը»-ը գրել էր, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ լուրջ դժգոհություններ ունեն տնօրինությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` թատրոնի դահլիճը պարբերաբար տրվում է վարձակալության, ինչի արդյունքում խաղացանկային համերգները հազվադեպ են ներկայացվում հանդիսատեսին, իսկ փորձերն էլ հետաձգվում են կամ կիսատ մնում: Ավելին` նույն աղբյուրները նշել էին, որ վարձակալության գումարից անգամ չնչին մաս չի հատկացվում թատրոնի կարիքներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ:
-Պարո՛ն Արզումանյան, թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ պնդում են, որ արտիստները պարզապես հարմարվողի դերում են, եւ վարձակալությունների պատճառով նրանց սպառնում է դեգրադացում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նման բան ես առաջին անգամ լսում եմ Ձեզնից: Ոչ մի արտիստ ինձ այդ առթիվ դժգոհություն չի ներկայացրել: Դա սուտ խոսակցություն է: Ընդհակառակը, մեր արտիստները հիմա ավելի զբաղված են, քան նախկինում: Օրինակ` 2009-ին Օպերային թատրոնն ունեցել է 48 խաղացանկային ներկայացում, 2010-ին` 47, 2011-ին` 74, 2012-ին` 51, 2013-ին` 56: Ես տնօրենի պարտականությունը ստանձնել եմ 2014-ից: Այսպիսով` նույն թվականին Օպերային թատրոնն ունեցել է 124 ներկայացում, 2015-ին` 102 եւ միայն 2016-ին` 77 ներկայացում (պատճառն այն է, որ մենք խնդիրներ ունեցանք «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերայի հետ կապված, թատրոնը մի քանի ամիս պարալիզացված էր, թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի` կյանքից հեռանալու հանգամանքն էլ բոլորին «շարքից հանեց»): Հիմա ո՞նց կարող է լինել այնպես, որ արտիստները իրենց գործով զբաղվելու հնարավորություն չունենան, եթե այսքան ներկայացումներում են հանդես գալիս: Ընդհանրապես, երբ Օպերային թատրոնն ունենում է իր պրեմիերաները, մի որոշ ժամանակով թատրոնը պարալիզացվում է: Օրինակ` դեկտեմբերի վերջին նախատեսվում է Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան, եւ ամբողջ թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական կազմը զբաղված է դրանով:
-Թվե՛ք, խնդրում եմ, մի քանի միջոցառումներ, որոնք Օպերային թատրոնում իրականացնելու են վարձակալողները դեկտեմբերի ընթացքում: Արդյո՞ք դրանց բնույթը համապատասխանում է թատրոնի ստատուսին:
-Դեկտեմբերի 2-ին, օրինակ, նախատեսված է հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցառումը, դեկտեմբերի 5-ին` Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հոբելյանական երեկոն է կայանալու, դեկտեմբերի 11-ին` «Բերդ» պարային անսամբլի, դեկտեմբերի 18-ին` ԶՈՒ երգի եւ պարի համույթն է մեզ մոտ ելույթ ունենալու: Կարծում եմ` այս եւ մյուս միջոցառումները համապատասխանում են Օպերային թատրոնի ստատուսին: Ի՞նչ է, հո մեզ մոտ Արմենչի՞կը չի երգում, հո ռաբիս երաժշտությո՞ւն չի հնչում, թե՞ հարսանիքներ են մեզ մոտ արվում:
-Թվային տվյալներով ներկայացրեք, խնդրում եմ, թե 2016-ի կտրվածքով թատրոնում քանի՞ միջոցառում է կազմակերպվել վարձակալության արդյունքում:
-Նախ ասեմ, որ մենք ունենք գեղարվեստական ղեկավար, որը ներկայացնում է տարեկան միջոցառումների պլանը, եւ այն օրերին, երբ դահլիճն ազատ է լինում, նոր նշանակվում է վարձակալություն, եւ ոչ թե հակառակը: 2016-ին 41 ընդհանուր վարձակալություն է եղել, որից 7-ը` սուբսիդավորված եւ անվճար հիմունքներով: Վարձակալություններից մյուս 7-ի դեպքում կայացել է պետական միջոցառում, դրանցից 13-ն էլ եղել է նվազագույն գնով վարձակալություն (քանի որ տրվել է գլխավորապես պետական համույթներին): Բոլոր միջոցառումների հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, գումարը մուտք է գործում թատրոն, նոր կազմակերպվում են միջոցառումներ: Իսկ պետական միջոցառումների դեպքում մեզ ուղարկվում են պաշտոնական նամակներ:
-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մասնավոր միջոցառումների պարագայում Դուք վարձակալությունների մի մա՛սը չեք գրանցում միայն, իսկ մյուս մասն էլ թղթերի վրա կարող է պարզապես չերեւալ:
-Դե, եթե այդպես է, դիմե՛ք քրեական օրգաններ, թող գան, հետախուզություն անեն, տեսնենք` ով է մեղավոր: Ոչ մի միջոցառում, ի վերջո, չի կարող թատրոնից գաղտնի արվել:
-Այո՛, բայց կարող է լինել իրողություն, որի մասին բոլորը գիտեն, բայց լռում են, վախենում են խոսել: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ վարձակալությունների հետեւանքով արտիստները նորմալ կերպով չեն հասցնում փորձեր անել, երբեմն էլ կիսապատրաստ են բեմ բարձրանում:
-Չկա նման բան. մեր փորձերը տեւում են մինչեւ 15:00-ն, իսկ վարձակալողներն իրենց միջոցառումները սկսում են 15:00-ից հետո:
-«Թատրոնում մի թայֆա կա, որն այդ վարձակալության գումարներով ուտում, խմում, քեֆ է անում: Այդ մարդկանց ձեռնտու է, որ արտիստների տարիներն ուտեն, բայց իրենք Range Rover-ներով շրջեն: Վարձակալության փողից անգամ չնչին գումար չի հատկացվում թատրոնին», ասել էր մեզ աղբյուրը: Սրա՞ մասին ինչ կասեք:
-Նախ` ամոթ է նման բաներ խոսել, եւ հետո` Range Rover էլ կա, Range Rover էլ: Եթե խոսքը 25 տարվա Range Rover-ի մասին է, դրա գինը Ժիգուլիից մի քիչ է բարձր: Բացի այդ` նշյալ գումարները համապատասխան պայմանագրերի համաձայն՝ գնում-մտնում են մեր թատրոնի ընդհանուր դրամարկղ: Վերջին տարիների ընթացքում թատրոնում ահագին բան է փոխվել դեպի լավը: Պետությունը մի փոքր օգնում է մեզ, բայց մի շարք կարիքներ էլ հոգում ենք վարձակալությունից ստացված գումարների միջոցով:
-Իսկ պետությունը տարեկան կտրվածքով որքա՞ն գումար է տրամադրում թատրոնի խաղացանկային ներկայացումների համար:
-50 միլիոն դրամ: Բայց Դուք տեսեք, թե այս տարի մենք այդ գումարով քանի պրեմիերա արեցինք:
-Վարձակալությունից ստացված գումարները, Ձեր հավաստիացմամբ, ուղղվում են թատրոնի ընդհանուր դրամարկղ: Իսկ դրանք ստեղծագործական նպատակներով ե՞ն օգտագործվում, թե՞ ադմինիստրատիվ:
-Էլեմենտար բան ասեմ. պատուհան է պետք փոխել՝ գումար է անհրաժեշտ, արտիստը լավ երգեց, պարգեւատրում է ուզում` գումար է պետք: Ի դեպ, ասեմ, որ ստեղծագործական կազմի անդամների աշխատավարձը երեք տարվա ընթացքում երեք անգամ ավելացել է: Տնօրինությունից կարող են բողոքել մարդիկ, որոնք ուզում են վատություն անել թատրոնին, Երեւանին, Հայաստանին: 650 հոգի մարդ է աշխատում թատրոնում, ցավոք, կգտնվեն նաեւ այդպիսիք: Ինչո՞ւ չեք ուզում մեր արտիստներին հավաքել ու իրենց կարծիքը հարցնել:
-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ թատրոնում ապահովված է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում նրանք կարող են ազատ պատմել այն, ինչ կա իրականում:
-Իսկ ինչո՞ւ ոչ: Գեստապո կա՞ թատրոնում: Արտիստը հիմա շատ ավելի լավ է ապրում, քան առաջ, ավելի շատ դերեր ունի, քան առաջ: Այնպես որ, վստահ եմ, որ համապատասխան մթնոլորտն ապահովված է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՇԱՐԺԻՉ ՈՒԺ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՐՈԴԱՔՇԸՆԻ ՊԱԿԱՍ ԿԱ»
Երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանը երեք տարվա դադարից հետո նոր տեսահոլովակ է պատրաստում երկրպագուների համար: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակը Կոնսն է (Արթուր Նիկողոսյան), եւ որ տարվա ավարտին, հավանաբար, կսկսի զբաղվել նոր գործի ձայնագրման աշխատանքներով: Մայքլը դեռեւս հրաժարվեց մանրամասնել, թե ինչ թեմատիկայով են լինելու նոր երգն ու տեսահոլովակը: Մենք հարցրինք` ինչն է պատճառը, որ երգիչը տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չի ներկայացնում. «Արդեն մի քանի տարի է` հայրիկի` Ռաֆայել Քոթանջյանի հետ հանդես ենք գալիս համերգներով: Դրանց մեկնարկը տրվել էր հայրիկի 70-ամյակին, հետո մեր գործունեությունը դարձավ շարունակական: Բենեֆիսային ներկայացմամբ, որը ներառում է հայրիկի մանրապատումներն ու իմ կատարումները, հասցրել ենք հանդես գալ Հայաստանում եւ արտերկրում: Առաջիկայում, օրինակ, ունենք հրավեր Մոսկվայից: Այս ներկայացմամբ հանդես կգանք մինչեւ հայրիկի 75-ամյակը: Այս վերջին հոբելյանական առիթն օգտագործելով` հանդիսատեսին, հավանաբար, էլի կմատուցենք նոր ներկայացում»,-ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ Մայքլը փոքր-ինչ հեռացել է շոու-բիզնեսից, վերջինս պատասխանեց. «Այո, պատճառն այն է, որ նվիրվել եմ ընտանիքիս, բայց կան մարդիկ, որոնց հետո շոուբիզնեսյան շփումներից դուրս էլ մտերիմ եմ, օրինակ` երգչուհիներ Լիլիթ Կարապետյանն ու Լիանան: Այժմ արդեն մտերիմ են նաեւ մեր երեխաները»:
Մայքլն անդրադարձավ նաեւ հայկական շոու-բիզնեսի բացերին` նկատելով, որ չկա այն շարժիչ ուժ հանդիսացող փրոդաքշընը (փրոդաքշընները), որը կհամագործակցեր երգիչ-երգչուհիների հետ օրենսդրական դաշտի շրջանակներում. «Նման օրինակ է «Շարմը», սակայն վերջինս մեր արտիստների համար շատ քիչ է. հարկավոր են այնպիսի ընկերություններ, որոնք կաշխատեն զուտ երգարվեսի ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում շուկայում որակյալ արտադրանքը կգերակշռեր: Այդպիսի ֆունկցիա կատարող ընկերություն, որը երգիչների հետ կաշխատեր պայմանագրերով, նրանց առաջխաղացման համար գումար կներդներ եւ հետո շահույթ կապահովեր, Հայաստանում դեռեւս չկա եւ չեմ էլ պատկերացնում, թե երբ կլինի: Նման ընկերությունները կնպաստեն նոր անունների բացահայտմանը, շոուբիզնեսցիների հեղինակային իրավունքների պահպանմանը, լրատվամիջոցների հետ գրագետ եւ շահավետ համագործակցությանը, համացանցային տիրույթում արտիստների ճիշտ ներկայանալուն: Օրինակ` Միացյալ Նահանգներում տվյալ ընկերության վերահսկողությամբ դու կարող ես ներբեռնել այսինչ արտիստի նոր երգը, սակայն պետք է դրա դիմաց վճարես մեկ դոլար: Հայաստանում այդ աշխատաոճը, կուլտուրան չկա. մեր արտիստները բավարարվում են՝ յութուբյան դիտումների քանակն արձանագրելով»,-եզրափակեց երգիչը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԾԱՂՐԵԼ Է ԹՐԱՄՓԻ ԿՆՈՋԸ
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը American Music Awards-ի արարողության ժամանակ բեմից ծաղրել է ԱՄՆ նոր առաջին տիկնոջ` Մելանյա Թրամփի ելույթը ամուսնու նախընտրական արշավի ընթացքում (օրեր առաջ շրջանառվում էր այն կարծիքը, որ տիկին Թրամփը պատճենել է Միշել Օբամայի` Բարաք Օբամայի նախընտրական արշավի ընթացքում ավելի վաղ հնչեցրած խոսքերը): «Ես սիրում եմ ամուսնուս` նախագահ Բարաք Օբամային, եւ մեր երեխաներին՝ Սաշային եւ Մալիային»,¬ հայտարարել է Հադիդը` սլավոնական առոգանությամբ, շուրթերն ուռցնելով եւ աչքերը կկոցելով:
ՀԱՐԲԱ՞Ծ Է ԵՂԵԼ
Վերջերս համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ ռուսական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկը` Գրիգորի Լեպսը, համերգի ժամանակ վայր է ընկնում բեմում: Սոցցանցերի օգտատերերը շտապել են կարծիք հայտնել, թե Լեպսը հարբած է եղել, այնինչ ռուսական Life-ին տված հարցազրույցում երգչի ներկայացուցիչը` Մայա Սերիկովան, նշել է. «Ծիծաղելի եւ անհեթեթ է մեղադրանքներ կարդալ արտիստի հասցեին, որն իրականում այդ երեկո վատ ինքնազգացողության պատճառով սայթաքել է բեմի վրա: Տվյալ օրը Լեպսը հանդիպել է իր բժշկին, որը խորհուրդ է տվել երեկոյան բեմ չբարձրանալ: Բանն այն է, որ Գրիգորին վաղուց ճնշման հետ կապված խնդիրներ ունի (դրանք մասնագիտության եւ մշտական թռիչքների հետեւանքներն են): Բայց քանի որ այդ ելույթը նա վաղուց էր խոստացել, չէր կարող չանել. այդպիսի մարդ է: Բոլորս նրա համար վախեցել էինք: Փառք Աստծո, ամեն բան բարեհաջող ավարտվեց»: