ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի մասին, ասել էր. «Ես սովոր չեմ ուրիշի ցուցակներում լինել: Մի անգամ եղել եմ ընդհանուր ցուցակում, երբ մեծ դաշինքով էինք գնում, բայց դա պատահական մի երեւույթ էր»:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը նկատի ունի 2004թ ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը, որի ընտրացուցակում, ի դեպ, նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ու քանի որ նա «պատահական մի երեւույթ» էր անվանել այդ դաշինքին անդամակցելը, «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց այն ժամանակվա «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանին:
«Բայց Վազգեն Մանուկյանն ակտիվ մասնակցել է նախընտրական ժամանակաշրջանի աշխատանքներին: Իմ կարծիքով դա պատահականություն չէ: «Արդարություն» դաշինքի օրինակով կարելի է ասել, որ դաշինքների գոյությունը ճիշտ է, որովհետեւ կուսակցությունը մինչեւ լիազորությունների վերջը ակտիվ աշխատել է: Եվ այնպիսի երեւույթներ չեն եղել, ինչպիսին հիմա կա»,- ասաց Հարությունյանը: