«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ: Շարմազանովը չորով ժխտել է, չնայած հաջորդ օրը նույն ծերերը տեսել են Շարմազանովի աշխատասենյակում սպասող Ահարոն Ադիբեկյանին, որը հենց այնպես չի «հայտնվում» պաշտոնյաների աշխատասենյակներում:
Բոլոր դեպքերում, չնայած Շարմազանովի «ով» ազգանվանն ու մասամբ հունական պատկանելությանը, ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթևում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են: ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաև ԱԺ փոխնախագահի հեռանկարով:
Հրայր Թովմասյանը չի դառնում ոչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ոչ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչև 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու: Ի դեպ, միանշանակ է նաև Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում: Այս պահին, Արտակների ՊՆ տրանզիտից հետո, ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովները կազմուպատրաստ սպասում են իրենց նոր տերերին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: