Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես, Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը չի կարող գերազանցել 180-ը:
Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Բացի այդ, նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նախագահն ունենում է նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ և անձնական բժիշկ:
Նախագծով սահմանվել է նաև վարչապետի աշխատակազմը: Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են` նստավայր Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում:Տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, որը տեղակայված է Ձորափի 74, 3-րդ մասնաշենքում:Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: