Ազատ տնտեսական գոտին կա, ներդրողները` դեռ ոչ. թղթի վրա գրված հերթական խոստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նախորդ տարվա դեկտեմբերին մեծ շուքով տեղի ունեցավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, սակայն դրա կառուցման աշխատանքները վերջնականապես չեն ավարտվել: Երկրորդ փուլով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու տարածքն ընդլայնել 70 հեկտարով: Այս տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները` գրասենյակային եւ այլ ծառայությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հայտարարեց, որ այժմ հողահատկացման եւ չափագրման աշխատանքներն են ընթանում:

«Երկրորդ փուլն է սկսվել եւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն դիմել է Մեղրիի քաղաքապետարան` ազատ գոտու շրջակա տարածքում մոտ 50 հա հատկացնելու պահանջով: Հիմա դրա փաստաթղթերն ենք պատրաստում, ձեւակերպում: Դա պետք է հատկացվի, որպեսզի ներդրողների համար ազատ տարածք լինի: Հիմա դրանով ենք զբաղված»,- ներկայացրեց քաղաքապետը: Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ազատ տնտեսական գոտով ավելի շատ հետաքրքրված են իրանցիները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հարցում այդպես էլ ակտիվություն չկա: Այդ հարցով հետաքրքրվել են իրանական կողմից եւ երեւանաբնակ մի քանի գործարար: Բայց միայն հետաքրքրվել են: Այս ընթացքում եղել են նաեւ տարբեր հանդիպումներ՝ պաշտոնական մակարդակով: Թե որքանով են եղել դրանք արդյունավետ, ժամանակը ցույց կտա: Տեղեկացնենք, որ ազատ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԵԱՏՄ շուկաներ:

Կառավարությունը վստահ է, որ այս ամենի արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ եւ ծառայություններ: Բայց սա թղթի վրա գրված կառավարության հերթական խոստումներն են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս