Մինչ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հավանականությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իր կառավարությունն աննախադեպ արդյունքներ է գրանցել: Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, մինչդեռ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0.1 տոկոսի չափով: Հետաքրքիր է` այս ցուցանիշները տեսնելուց հետո ՀՀԿ-ն ինչպես է հիմնավորելու Կարեն Կարապետյանի փոխարեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: