ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և այնտեղ գտնվող հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Աշխատակցից վերցնելով առանձնապես խոշոր չափերի գումար` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։ Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է շուրջ 6.341.000. ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, հաճախորդը և ՓԲԸ-ի աշխատակիցը ճանաչվել են տուժող:
Առգրավվել են ՓԲԸ-ի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե