Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝ խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, իր անձի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով Նորայր Մինասյանը տուժողի հետ որպես հանդիպման վայր է ընտրել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքին հարող մերձակա տարածքը, որտեղ էլ փորձել է ստանալ գումարի մնացած մասը, սակայն անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Նորայր Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անցանկալի, այդ թվում` քրեական պատասխանատվություն նախատեսող հետևանքներից խուսափելու համար նման իրավիճակներում զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ թվացյալ դյուրին ճանապարհով` պաշտոնատար անձանց միջնորդությունների միջոցով, այսպես կոչված` հարցեր կարգավորելու գայթակղությունից։
Նորայր Մինասյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 հեռախոսահամարով: