Երեկ խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ձեռուոտ ընկած, ստորագրության համար խմբակցության պատգամավորներին էր փնտրում: Բանն այն է, որ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երեկ ձերբակալվել էր, եւ նրա ազատության համար ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, իսկ Մելիքյանն էլ փորձում էր օգնել նրան:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն աջ ու ձախ է գնում, ՀՀԿ-ականների փնտրում, որ ստորագրություն տան: Ի վերջո, կարողացան պեղել 8 ստորագրություն՝ Մուրադ Մուրադյան, Խոսրով Հարությունյան, Արայիկ Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մելիքյան, Կորյուն Նահապետյան, Գագիկ Մինասյան եւ Էդուրադ Շարմազանով:
Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ձերբակալել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, Գեւորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին եւ Սարգիս Սահակյանին: Նրանք ձերբակալվել են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, քանի որ իրենք եւս մասնակից են եղել ողջ ծեծուջարդին:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, ինչո՞ւ որոշեցիք նման ստորագրահավաքով հանդես գալ:
-Դե, որոշեցինք, որ մարդիկ դուրսը մնան, թող մարդիկ դուրսը մնան, քննության ընթացքում եթե պարզվի՝ մարդիկ մեղավոր են, թող այն ժամանակ արդեն կալանավորեն: Դե, հիմա ասում են՝ առավոտ շուտ մասկեքով մտել են, տներից տարել են: Է, մարդկանց կարող էին հրավիրել համապատասխան մարմիններ, կգնային, կներկայանային: Մենակ ասում են, բայց ո՛չ մեղադրանք կա, ո՛չ բողոք կա, ո՛չ բան կա, ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ է, 37 թի՞վն է:
-Հենց այդպես էլ փորձո՞ւմ են պարզել, թե ինչ է կատարվել:
-Հա, թող կանչեն, քննեն: Թող կանչեն առերեսում՝ ո՞ւմ են խփել, ո՞վ ա խփել, ո՞նցա եղել: Դուք հավատո՞ւմ եք, որ քաղաքապետը գնացել է, մա՞րդ է խփել:
-Պարո՛ն Մուրադյան, բայց ականատեսների վկայություններ կան, տեսագրություններ կան:
-Դե հիմա, գիտե՞ս, ինչ կա…, նոր հեռուստացույցով ցույց են տալիս մի 20-30 հոգի խփում են, դրածա քաղաքապետի նկարը: Քաղաքապետի նկարն այդ 20-30 հոգու հետ ի՞նչ կապ ունի:
-Դուք ծեծկռտուքը հանցանք չե՞ք համարում:
-Բոլոր գործերի մեջ, ովքեր սխալ բան են անում, ես դա հանցանք եմ համարում, բայց այս պահին իրա հետ կապված ի՞նչ հանցանք, ես դա եմ ուզում` իմանամ:
-Իր եւ իր մտերիմների կատարած գործողությունները: Ի վերջո՝ ո՞վ պետք է պատասխան տա այդ ամենի համար:
-Ես չեմ ասում` պատասխան չտան, բայց մի բանը, եթե դեռ չկա ու ապացուցված չէ, հնարավո՞ր է, չէ՞, այդ մարդը դուրսը մնա, ինչի՞ համար է պատգամավորների երաշխավորագիրը, ինչի՞ համար է ֆինանսական երաշխավորագիրը: Թող բաց թողնեն մարդկանց, էլի տանեն, բերեն: Եղե՞լ է մի հատ դեպք, որ մարդկանց կանչեն քննության, մարդիկ խուսափեն:
-Այսինքն` որ ապացուցված համարվի, կո՞ղմ եք, որ պատիժը կրի, պատասխան տա՞:
-Այո՛, բայց ես 99 տոկոս համոզված եմ, հավատում եմ, որ այդպիսի բան չկա:
-Միայն ի՞ր մասով, թե՞ նաեւ իր տեղակալների, մտերիմների:
-Տեղակալն էլ սարքել եք… դուք էլ տեղակալ, տեղակալ, դրել եք, եսիմ ինչ եք սարքել: Չափված, ձեւած, տարիքով, կլինի 40-45 տարեկան, ընտանիքի տղա է:
-Բայց Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ էլ բազմաթիվ հրապարակումներ կան:
-Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ չափահաս մարդը մի բան անի, մյուս չափահաս եղբայրը պետք է պատասխան տա: Դա ճի՞շտ եք համարում:
-Բայց Մասիսի քաղաքապետն իր արարքների համար է ձերբակալվել: Այսինքն` կարծում եք, որ նա անմե՞ղ է:
-Ես չեմ ասում` անմեղ է, ես ասում եմ` թող քննեն, քննության ընթացքում կերեւա՝ մեղավոր է, անմեղ է: Ես ասո՞ւմ եմ, թող իրան չկանչեն քննության: Նախաքննական մարմին կա, զբաղվում է, թող ապացուցի: Բայց որ մտնում են մասկեքով, փոքր երեխաներ կան տանը, մարդուն տանում են, իմաստը ո՞րն է: Կանչե՞լ են, չի՞ ներկայացել: Հիշում եք՝ իմ ու որդիներիս մասին ինչեր են գրում, հիմա էլ հերքում են, դուրս եկավ` սաղ սուտ է: Ո՞ւմ էր պետք այդ հերքումը, եթե ներվերս կերան:
-ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին ի՞նչ եք մտածում, կարծես թե արտահոսք է սկսվել:
-Ով որ լքում է, իրենց հարցրեք, ես ի՞նչ գործ ունեմ: Ես ո՛չ պատասխանատուն եմ, ո՛չ էլ կարող եմ մեկին հրահրել, ասեմ` գնա, այնպիսի բան արա, որ ես ամաչեմ: Մեկը լքել է Հանրապետականը, իրեն հարցրեք, թող ինքն էլ ասի:
-Հնարավո՞ր է` դուք էլ լքեք մի օր:
-Էլ մի սկսեք ճնշում, նոր ուրիշ հարց էիք տալիս , հիմա հասաք եսիմ ուր:
-Հիմա նման մտադրություն չունե՞ք:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պրծա՞նք:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը