ՀՅԴ ԳՄ-ն արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրահավաքին միանալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը հետևյալն է.

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։

Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Ռ. Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»,- ասված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:




Լրահոս