ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորը. ինչ թմրամիջոցների ապօրինի փոխադրման անդրազգային խմբի հետ է նա կապ ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 2018 թվականի օգոստոսի 6.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել: Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել: Ավելին, դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկ են գնացել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը: Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն:

ArmLur.am-ին ինքնասպան եղած կալանավորի մասին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, թե ինչի համար են նրան կալանավորել:

Եվ այսպես, օգոստոսի 2-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել , որտեղ մանրամասներ էր ներկայացրել թմրամիջոցների ապօրինի փոխադրման անդրազգային խմբի մասին.«Հայաստանի Ագային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:

Մասնավորապես, 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 40 գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար հայ-վրացական սահմանն ապօրինի հատած և նշված վայր ժամանած Վրաստանի քաղաքացի Գ.Գ-ին, ով թմրամիջոցը պետք է տեղափոխեր Վրաստան ու հանձներ մեկ այլ անձի:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռ.Օ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, Գ.Գ-ին՝ 329-րդ հոդվածի 1-ին մասի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Վ.Գ-ին՝ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Չի բացառվում, որ ինքնասպան եղած անձը հենց նույն Վ.Գ-ն է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր թմրամիջոցների հանցավոր խումբ ստեղծելու քրեական գործի շրջանակներում:
ArmLur.am-ը շարունակում է իր հետաքննությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս