Մի շարք գործարարների կարգելվի ԱՄՆ մեկնել. որոնք են պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ  մուտքի արտոնագրերը:

Այս տարվա ապրիլին կայացած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք պաշտոնատար անձինք, քրեական տարրեր, գործարարներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ու մինչ իրավապահները լայն թափով գործի կանցնեին, մի շարք օլիգարխներ, քրեական տարրեր լքեցին Հայաստանը: Ու նրանց մեծ մասը ապահով հանգրվանել էր Ամերիկայի միացյալ նահանգներում: Ըստ էության, այս իրողությունը հաշվի առնելով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը քայլեր ձեռնարկեց: Նրանք սկսեցին հայտնի քրեական տարրերին արտաքսել ԱՄՆ-ից: Մասնավորապես, գրել էինք, որ  ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան երեկ պետք է արդեն Հայաստան ուղարկեն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան-Թերջանյան կազմակերպության» հետ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար:

Բացի նրանից, այլ անձինք եւս հայտնվել են ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ  մուտքի արտոնագրերը:

Ովքե՞ր են նրանք: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ուղարկեցինք հետեւյալ գրությունը.

«Հարգելի՛ պարոն դեսպան,

Խնդրում եմ պատասխանել մեր հետեւյալ հարցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  չեղարկել է  Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ  մուտքի արտոնագրերը:

1. Խնդրում ենք հայտնել,  թե որքանո՞վ է մեր տեղեկությունը հավաստի:

2. Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա նշեք խնդրեմ, թե ստույգ ո՞ր գործարարների մուտքի արտոնագրերն են չեղարկվել»:

Ի պատասխան մեր հարցադրումների` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:

Նկատենք որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւս  հաճախ է գնում ԱՄՆ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջինիցս հետաքրքրվել՝ արդյոք նա հայտնվել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում, նրա ունեցած ԱՄՆ մուտքի արտոնագիրը եւս չեղարկվե՞լ է. «Ես ո՛չ օլիգարխ եմ, ո՛չ հանցագործ եմ, ո՛չ էլ ես իմ ինչ եմ, բանվոր դասակարգի մարդիկ ենք:

Ուր ուզում, երբ ուզում, գնում ենք: Եթե հանցագործություն ես արել, ուրեմն չես կարող գնալ: Նման հարցերի դեպքում ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչում, կա՛մ չեղարկում է վիզան, կա՛մ էլ չի տալիս: Հիմա հարսանիք է եղել, ես նորմալ գնացել, հետ եմ վերադարձել:

Ես չեմ պատրաստվում հիմա գնալ ԱՄՆ, իսկ եթե պետք եղավ գնամ, չթողեցին, ուրեմն չեմ գնա: Բայց եթե հասարակ մարդ ես ու հարց կա, պետք է գնաս, կարիքի համար պետք է գնաս  ու չթողնեն, ուրեմն թող չթողնեն: Ես մաքուր ընտրվել եմ, փող չեմ բաժանել, որեւէ մեկի հավին քշա չեմ արել: Այն ժամանակ դիպլոմատ պասպորտ (նկատի ունի դիվանագիտական անձնագիր) կար, հիմա չկա, պետք է դիմենք, վիզա ստանանք, ինչ է, ես իրավունք չունե՞մ գնամ, հանգստանամ, գամ: Ես այս տարի Հայաստանից դուրս չեմ եկել, անցած տարի եմ գնացել ԱՄՆ: Եթե ԱՄՆ դեսպանատունը տրամադրի վիզա, կգնամ, ինձ երբեք չհամեմատեք ոչ մի օլիգարխի հետ, եւ ոչ մեկից կախում չունեմ»:

Այսպիսով, թեեւ հայտնի է գործարարների ու նախկին պաշտոնյաների ցուցակը, թե ովքեր են մերժվել կամ ում մուտքի արտոնագիրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել, բայց հրապարակել չենք կարող, քանի որ «անձնական գործ է»:

Քնար Մանուկյան




Լրահոս