Հայաստանում պետական գերատեսչությունների աշխատողների համար կրկին «պարապ ժամանակներ» են սկսվել: Տեւական ժամանակ է, ինչ գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, մատնվել են պարապուրդի: Պատճառը ներքաղաքական զարգացումներն են. սպասում են նոր կառավարության կազմավորմանը, նաեւ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին՝ նախարարությունների օպտիմալացմանը: Նկատենք, որ նման վիճակ Հայաստանում պարբերաբար է լինում. նախորդ տարի էլ` մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները` թավշյա հեղափոխությունից հետո, նաեւ դրանից առաջ պետական համակարգը դարձյալ սպասողական վիճակում էր: Ու այս փուլերում նրանք լիարժեք չէին կատարում իրենց պարտականությունները:
Ու հիմա Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում այդ ամենի պատճառով ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ, միաժամանակ պետական հատվածի աշխատողները սպասողական ու անորոշ վիճակում են, մանավանդ որ մի շարք նախարարներ էլ դարձել են պատգամավոր ու նրանց փոխարեն նոր մարդ չի նշանակվել:
Տեղեկացնենք, որ հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ եւ 15 օրվա ընթացքում նա պետք է ձեւավորի կառավարությունը, ապա 20 օրվա ընթացքում խորհրդարանին ներկայացնի կառավարության ծրագիրը: Երեկ միայն հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը վերանշանակվեցին փոխվարչապետերի պաշտոններում:
Ինչպես հայտնի է, կառավարության հրաժարականից հետո ՀՀ բոլոր նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են: Եւ հիմա նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Ընդ որում, այս վիճակը ստեղծվել է դեռ նոյեմբերից եւ տեւելու է մինչեւ հունվարի վերջերը:
Առաջիկա օրերին նոր կառավարությունը կձեւավորվի: Ու ստացվում է` պետական համակարգը դեռ կշարունակի պարապուրդի մատնված մնալ:
Փոխարենը նրանք այդ օրերի համար վարձատրվում են: Այսինքն` այս օրերին պետբյուջեից հատկացված գումարները փոշիացվում են աննկատ կերպով, քանի որ շատերին գումար է վճարվելու ոչինչ չանելու համար: Այս առումով բավական լուրջ վիճակ է նաեւ այն մարզերում, որոնց ղեկավարները, նաեւ փոխմարզպետները գործուղվեցին խորհրդարան: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված են Շիրակի ու Տավուշի մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշման նախագծերը: Եւ մինչեւ նշանակվեն նոր մարզպետներ, այնտեղ եւս պետական կառավարման համակարգը մի քանի պարապ ու սպասումներով լի օր կանցկացնի:
Սյունէ Համբարձումյան