ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի լուծարման հետքերով. ինչ է սպասվում Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար: Բանն այն է, որ Ապրիլյանի մասնակից տղաների ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն է վճարում, բայց կան ուսանողներ, որոնք չեն օգտվել 20-տոկոսանոց զեղչից:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից են եղել: Նրանց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել: Մեզ դիմած քաղաքացու խոսքով` հիմնադրամից պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: Քաղաքացին այս ընթացքում չի կարողանում կապ հաստատել հիմնադրամի աշխատակազմի հետ` պարզելու, ի վերջո, լուծարվել են, թե ոչ: Պարզվում է` առկա բոլոր հեռախոսահամարները չեն պատասխանում, արգելափակված են:

Մինչդեռ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի որոշմամբ`Կրթության եւ գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն հազար դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող եւ 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին, ի վերջո, հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին`նշելով հետեւյալը.«Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք: Հենց այսօր (երեկ-Ս.Հ.) այն ուսանողները, որոնք ուշացել էին ժամկետներից, Երեւանի պետական համալսարանի հետ պայմանագիր է կնքվել, եւ փոխանցվել են վարձերը: Եթե տվյալները համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, խնդիր չկա: Իսկ այն ուսանողները, որոնք նոր են ընդունվում համալսարան, իրենց մենք չենք կարող ասել` սեպտեմբերին դիմե՛ք հիմնադրամ, ասում ենք`սեպտեմբերն անցնի, դիմե՛ք կառավարություն կամ Կրթության, գիտության նախարարություն, որովհետեւ այդ ժամանակ լուծարված կլինի հիմնադրամը»:

Ապա «Ժողովուրդ» օրաթերթին խնդրեցին փոխանցել Ապրիլյանին մասնակցած ուսանողներինդիմել հիմնադրամ:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի սիրելի Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամը 2018 թվականին չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել: Մինչդեռ 2017 թվականին հիմնադրամին բավականին կլորիկ գումարներ են փոխանցվել ոչ միայն ՀՀ բուհերի, այլեւ ՀԿ-ների, հանքարդյունաբերական ընկերությունների եւ այլ կառույցների կողմից:

Իսկ հիմա հիմնադրամը բռնել է լուծարման ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է այս տարվա երկրորդ կիսամյակում լուծարել այն: Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (մինչ կառուցվածքային փոփոխությունները) չի առարկել հիմնադրամի լուծարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀԵՀ-ը իր բնականոն գործունեությունը (6 ամսվա համար) եւ լուծարման գործընթացը նախնական հաշվարկով սեպտեմբերի 1-ին ավարտելու համար ներկայացրել է նախահաշիվ (8 ամսվա համար):

Ըստ այդ հաշվարկների` այս տարվա ինն ամսում հիմնադրամին անհրաժեշտ կլինի 54 մլն 509 հազար 400 դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատողների 6 ամսվա աշխատավարձերը, արձակման նպաստները, վերջնահաշվարկները, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների եւ պահպանման այլ ծախսերը: Մեզ հայտնի դարձավ, որ այս նախահաշիվը հիմնադրամի կողմից հունիսի 2-ի գրությամբ ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Ի դեպ, հիմնադրամի պահանջած գումարը` ավելի քան 54.5 մլն դրամը, կառավարությունը կհատկացնի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունն առաջարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ մշակել այլ նախագիծ` հաշվի առնելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է:

Թե ինչ կլինի հիմնադրամի լուծարվելուց հետո, դեռ հստակ չէ: Այս հարցին հիմնադրամից եւս «Ժողովուրդ» օրաթերթին դժվարացան պատասխան տալ:

Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ կադրային ռեսուրսները տեղափոխելով նախարարություն, կամ տվյալ կառույցների համար նախատեսված միջոցներով վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները ձեռք բերել մրցակցային հիմունքներով: Ասել է թե` ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները հնարավոր է մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս