Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի գործով կա՞ ձերբակալված. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմում հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է: Ղազարյանների ընտանիքը գյուղում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եղեգիսի համայանքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Գյուղապետի խոսքով՝ Արայիկ Ղազարյանի մայրը դժբախտ լուրը լսելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել, որի հետևանքով տեղափոխվել է Եղեգնաձորի Բժշկական կենտրոն:

«Մայրը վատառողջ կին է, միշտ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս պահին գտնվում է Եղեգնաձորի Բժշկական կենտրոնում, համեմատաբար վիճակը կայուն է: Հայրն ու եղբայրն էլ այս պահին գտնվում են Ղարաբաղում»,-ասաց համայնքի ղեկավարը:

Այն մասին, թե Արայիկ Ղազարյանի նկատմամբ զորամասում ճնշումներ են եղել, նա պատասխանեց, որ հստակ չգիտի, բայց լսել է նման խոսակցություններ:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝  Արայիկ Ղազարյանի զորամասից հեռանալու գործով կան ձերբակալվածներ զինծառայողին զորամասը լքելու մեջ դրդելու կասկածանքով: Այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, բայց և չհաստատեց:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Արայիկ Ղազարյանի գործի հետ կապված ձերբակալված չկա:

Նախաքննությունը շարունակվում է:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս