ՀՀ կառավարությունը մերժեց Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ;
«Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը մինչև կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստերում: Միաժամանակ բավարար երաշխիքներ են սահմանված ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման», – ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հավելեց, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը: Այսպիսով՝ կառավարությունը, ներկայացնելով մի շարք դիտարկումներ, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: