Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացավ 2 հանդիպում: «Ալաշկերտ» – «Ուրարտու» խաղն ավարտվեց տանտերերի` 2:1 հաշվով հաղթանակով: Աբրահամ Խաշմանյանի թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Գագիկ Դաղբաշյանը (22‘) եւ Տանկովը (54‘): «Ուրարտուից» միակ գոլի հեղինակը դարձավ Հակոբյանը:
«Ալաշկերտը» 2 խաղի արդյունքում վաստակած 3 միավորով 7-րդն է, իսկ «Ուրարտուն» դեռեւս չունի միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Օրվա մյուս խաղում ուժերը չափեցին «Գանձասար – Կապանը» եւ «Լոռին»: Այս խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի ` 1:1: «Լոռիից» խաղի հաշիվը հանդիպման 29-րդ րոպեին բացեց Չաբի Աուզմենդին, իսկ կապանյան թիմից խաղի 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էմիլ Եղիազարյանը:
«Լոռին» այս պահին վաստակած 4 միավորով 4-րդն է, իսկ «Գանձասար – Կապանը» երկու ոչ-ոքիի արդյունքում իր ակտիվում գրանցած 2 միավորով 8-րդն է:
«Ալաշկերտ» – «Ուրարտու»` 2:1.
Աբրահամ Խաշմանյանի հետխաղյա ասուլիսը. («Ալաշկերտ»)
«Հաղթանակը մնում է հաղթանակ, սակայն պետք է ամեն ինչին ռեալ նայել: Մենք չունենք ներուժ չեմպիոն դառնալու: Եթե ես տարիներ առաջ ասում էի, որ դառնալու ենք չեմպիոն եւ դառնում էինք, ապա այս տարի դրա մասին խոսելն ավելորդ է: Մենք չունենք ներուժ, թիմից հեռացել են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, եւ չկան նրանց փոխարինողներ: Ես նույնիսկ դժվարությամբ եմ ընտրում մեկնարկային կազմը: Այս տարի ուղղակի պետք է պայքարել եվրագավաթային գոտում լինելու համար: Այս պահին միայն «Փյունիկն» ու «Արարատ – Արմենիան» են, որ պայքարելու են չեմպիոնության համար:»,- ասել է Խաշմանյանը:
Իլշատ Ֆայզուլինի հետխաղյա ասուլիսը. («Ուրարտու»)
«Մենք խաղի ընթացքում ունեցանք երկու պահ, որոնցից միայն մեկը կարողացանք իրացնել, իսկ մրցակիցը առավելագույնը քաղեց ստեղծած պահերից: Կարծում եմ` երկրորդ խաղակեսը տնօրինում էր «Ալաշկերտը»: Խաղը բաղկացած է պահերից, եւ ով կարողանում է իրացնել այդ պահերը, նա էլ շահում է»:
«Գանձասար – Կապան» – «Լոռի» ` 1:1
Աշոտ Բարսեղյանի հետխաղյա ասուլիսը. («Գանձասար – Կապան»)
«Առաջին խաղակեսում խաղադաշտում հավասար պայքար էր, սակայն երկրորդում կարող եմ ասել, որ տիրեցինք նախաձեռնությանը: Ունեինք լավ պահեր, սակայն մեր բախտը ուղղակի չբերեց. դրվագներից մեկում էլ գնդակը դիպավ դարպասապահին եւ չհայտնվեց դարպասում: Ամեն դեպքում արդարության համար էլ պետք նշեմ, որ մրցակիցն էլ վերջում լավ պահ ունեցավ, եւ կարող էր հաղթանակ կորզել: Առաջին խաղակեսում ցավալի վնասվածք ստացավ Ուբեյմար Անգուլոն, որը շատ բացեր առաջացրեց, սակայն մարզչական շտաբի կատարած ճիշտ փոփոխությունների շնորհիվ մենք կարողացանք գտնել մեր խաղը: Ինչ-որ տեղ խանգարում էր նաեւ քամին եւ ընդմիջմանը ֆուտբոլիատներին հրահանգվեց շատ հարվածներ կատարել, որն էլ տեսանք երկրորդ խաղակեսում: Գեղամ Հարությունյանը դեռեւս պարզ չէ, թե երբ շարք կվերադառնա, եւ մենք արդեն հարձակվող ենք փնտրում, ու շուտով այդ հարցն էլ կլուծվի: Թիմի նորեկ Աբդուլ Նկիեմայի մասին միայն լավը կարող եմ ասել: Նա ուժեղ ֆուտբոլիստ է: Նա լավ հանդիպում անցկացրեց»,-ասել է մարզիչը:
Դավիդ Կամպանյայի հետխաղյա ասուլիսը. («Լոռի»)
«Մենք լավ էինք սկսել, կարողանում էինք կառավարել տարածությունը, արագությունը եւ խաղը: Դրանից հետո բացեցինք խաղի հաշիվը, եւ ունեինք նաեւ հնարավորություններ երկրորդ գոլը խփելու: Լավ առաջին կես անցկացրինք եւ մրցակցին հնարավորություն չտվեցինք հարվածել մեր դարպասին:Երկրորդ կեսում ավելի շատ մտածում էինք գոլ բաց չթողնելու մասին, սակայն բաց թողեցինք եւ հետո սկսեցինք կրկին լավ ֆոիտբոլ ցուցադրել, ունեցանք շանսեր եւ կարող էին հաղթել, բայց սա հավասար խաղ էր»,- ասել է Կամպանյան:
Ավելի մանրամասն` տեսանյութում:
Հավելենք, որ այսօր «Նաիրի» մարզադաշտում կկայանա Բարձրագույն Խմբի առաջնության 3-րդ տուրի «Նոա» – «Արարատ – Արմենիա» հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:15-ին:
Էդմոն Մարտիրոսյան