«ԱՄԵՆԱԼԱՎ ԳՐՈՂԸ ՄՈՐԵՂԲԱՅՐՍ Է՝ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս բոլորովին նոր դիտանկյունից բացահայտելն է, անկեղծ խոստովանություններ «կորզելն» ու նրանց կյանքից քչերին հայտնի դրվագներին ծանոթացնելը: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Գաբի Գալոյանն է:

-Գաբի՛, ի՞նչը կարող է կտրուկ կերպով բարձրացնել Ձեր տրամադրությունը:
-Ցանկացած լուսավոր, դրական մարդու հետ հանդիպումը: Լավ, բարի մարդու էներգիան միանգամից փոխանցվում է ինձ, ինչն էլ անդրադառնում է տրամադրությանս վրա:
-Հավաքածուներ ունե՞ք:
-Այո, ունեմ մոմերի, տարբեր երկրներից բերված հուշանվերների հավաքածուներ:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:
-Վերջինն անձնականիս էր վերաբերում. ասում էին, թե, իբր, ամուսնացել եմ, այդ պատճառով էլ խզել եմ ընկերություններից մեկի հետ պայմանագիրս, այնինչ դրա պատճառն այն էր, որ լրացել էր պայմանագրի ժամկետը:
-Շարժվում եք հոսանքի ուղղությա՞մբ, թե՞ դրան հակառակ:
-Կցանկանայի շարժվել հոսանքի ուղղությամբ, բայց միշտ հակառակ ճանապարհն եմ բռնում: Դա, իհարկե, դժվար է, բայց այդ ճանապարհին ավելի քիչ ես մրցակիցների հանդիպում:
-Գրող, որի ազդեցությունը Ձեր կյանքում մեծ է եղել:
-Անկեղծ եմ ասում՝ մորեղբորս՝ Վանո Սիրադեղյանի: Ես չեմ գովաբանում նրան, պարզապես նա արծարծում է խորը հոգեբանական թեմաներ, եւ ինձ վրա ամենաշատը ինքն է ազդել: Սա օբյեկտիվորեն եմ ասում:
-Եթե որեւէ մեկին պարգեւատրելու հնարավորություն ունենայիք, ո՞վ կլիներ նա:
-Կպարգեւատրեի բոլոր այն չգնահատված հայ արտիստներին, որոնք մեծ ավանդ են ունեցել արվեստի զարգացման հարցում, սակայն ինչ-ինչ պատճառներով նեղացած հեռացել են Հայաստանից: Կցանկանայի, որ այդ պարգեւատրումն արտահայտվեր ոչ միայն մրցանակի, այլեւ վերաբերմունքի տեսքով:
-Հաջողության հասնելու Ձեր գրավականը:
-Նպատակասլացությունը: Եթե ես բռնեմ որեւէ ճանապարհ, ոչ ոք չի կարող ինձ խանգարել անցնել այն: Եթե նույնիսկ հարվածում են, ընկնում եմ, բայց շուտ ոտքի եմ կանգնում եւ շարունակում եմ ճանապարհս:
-Համա՞ռ, իրատե՞ս, թե՞ հաշվենկատ. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեր էությանը ավելի մոտ:
-Իրատես եմ: Նաեւ համառ եմ, իսկ հաշվենկատությունը շատ հեռու է ինձնից: Հաշվարկներով չեմ ապրում:
-Մի բան, որ սերը չի հանդուրժում:
-Դավաճանություն:
-Անգամ ամենածանր պահերին հիշում եք, որ…
-Աշխարհում ավելի շատ լավ մարդիկ կան, քան վատ:
-Շնորհք, որն ունեք, բայց քչերը գիտեն այդ մասին:
-Համեղ ուտելիքներ եմ պատրաստում: Սիրում եմ ե՛ւ համեղ ուտել, ե՛ւ համեղ պատրաստել: Մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ պատրաստածը հյուրասիրում եմ ընկերներիս:
-Կնոջ ամենամեծ թուլությունը:
-Սիրո բացակայությունը նրա կյանքում:
-Ձեր արտաքինի ամենատպավորիչ մասը:
-Ինքս ինձ որակումներ չեմ տա, կփոխանցեմ այն, ինչ սովորաբար ասում են կողքիններս՝ աչքերս:
-Տղամարդը ուժեղ է, երբ…
-Կողքին ունի խելացի կին եւ մայր:
-Ձեզ կոտրելու փորձեր եղե՞լ են:
-Իհարկե, բայց նման փորձեր անողները գիտեն, որ դա չի ստացվել: Պատանի հասակում ավելի խոցելի էի, եւ ոմանց հաջողվում էր նեգատիվ խոսքերով ու արարքներով կոտրել ինձ, բայց հետո ինչ-որ էներգիայի շնորհիվ առաջ էի մղվում: Իրականում ինձ հեշտ չէ կոտրելը:
-Կարող եք ժամերով սպասել…
-Ընկերներիս գալուստին: Երբ գիտեմ, որ նրանք պետք է գան մեր տուն, բայց ուշանում են, հաճույքով պատրաստություն եմ տեսնում եւ համբերատար սպասում:
-Ամենաշատը Ձեզ նեղացնում են մարդիկ, որոնք…
-Շատ հարազատ են ինձ:
-Ինչպե՞ս եք արդարանում այն մարդկանց առաջ, որոնք դժգոհում են, որ իրենց ուշ-ուշ եք հիշում:
-Շատ պարզ ձեւով՝ ասում եմ, որ իմ վերաբերմունքը անձնավորված չէ եւ պայմանավորված է գերհոգնածությամբ, որն առաջ է եկել տարիների ընթացքում: Երբեմն, օրինակ, շրջագայություններից այնքան հոգնած եմ վերադառնում տուն, որ մայրիկս կարող է կողքիս նստել ու խոսել, իսկ ես չլսեմ նրան:
-Աշխարհը հազար անգամ ավելի լավը կլիներ, եթե…
-Մարդիկ անընդհատ զբաղվեին ինքնազարգացմամբ, սիրեին, խնամեին իրենք իրենց, բացասական էներգիայից զերծ մնային եւ ագրեսիվ չլինեին: Եթե խաղաղ, կայացած ու ինքնաբավ մարդիկ մեր կողքին շատ լինեն, աշխարհն է՛լ ավելի լավը կդառնա:
-Պետք է ապրել թեկուզ հանուն…
-Լավ երգեր լսելու, համեղ ուտելիքներ փորձելու, երեխա ունենալու բերկրանքը զգալու, ծնողների, ընկերների ներկայությունը վայելելու համար: Ապրեցնող բաներ շատ կան, պարզապես պետք է դրանք նկատել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԵԹԵ ՎԻՐԱՀԱՏՎԵԻ, ԹԱՔՑՆԵԼ ՉԷԻ ԿԱՐՈՂ»

Արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի փոփոխված արտաքինը:

Մտերիմների հրապարակած լուսանկարներում տիկին Դեւոյանն այնքան ուրիշ է, որ շատերը շտապել են ենթադրել, թե նա դիմել է պլաստիկ վիրահատությունների՝ փոքրացրել է քիթը, ձգել մաշկը: Ոմանք նույնիսկ ափսոսանք են հայտնել, որ երբեմնի շքեղ կինը կորցրել է իր բնական գրավչությունն ու փայլը, այնինչ տիկին Դեւոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ երբեւէ պլաստիկ վիրահատությունների չի դիմել. «Դա այնպիսի բան է, որ թաքցնել պարզապես հնարավոր չէ. եթե պլաստիկ միջամտություններ արած լինեի, վստա՛հ եղեք, ամբողջ քաղաքը կիմանար այդ մասին, եւ ես չէի կարող հերքել, բայց ես անկեղծ կլինեմ՝ վախենում եմ նման միջամտություններից: Ինձ խորհուրդ են տվել վիրահատել կոպերս, բայց, չնայած ցանկություն ունեմ, վախենում եմ դիմել այդ քայլին»,-մեկնաբանեց պարուհին:
Նրա խոսքով՝ աղմուկ է բարձրացել, քանի որ ինքը փոխել է սանրվածքը, հանդես է եկել վառ դիմահարդարմամբ, որը գուցե շատերի համար անսովոր է եղել: Տիկին Դեւոյանը հավելեց, որ լրջորեն զբաղվում է իր մաշկի խնամքով, հաճախ դնում է դիմակներ եւ այն կարծիքին է, որ կինը միշտ պետք է խնամված տեսք ունենա:
«Հաճախ են հարցնում՝ ինչպես է ինձ հաջողվել պահպանել երիտասարդ տեսքս, գեղեցկությունս, ինչպես է պատահել, որ տարիներն անցել են իմ կողքով: Պատասխանը մեկն է՝ հարկավոր է ապրել սիրո եւ բարության մեջ: Երբ մարդու հոգին երիտասարդ է, սիրտը՝ ուրախ, այդ ամենն անմիջականորեն անդրադառնում է նաեւ նրա արտաքինի վրա»,- եզրափակեց տիկին Դեւոյանը:
Նշենք, որ նախորդ տարին պարուհու համար հոբելյանական էր. «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիրը նշեց իր 70-րդ տարեդարձը: Նա արդեն 55 տարի է՝ բեմում է:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Հայկ Իշխանյանը խզել է պայմանագիրը թիմի հետ. այս մասին տեղեկացնում է ղազախական sport.inform.kz-ի խմբագիրը` Այդին Կոժախմետը. «Ես շատ վաղուց էի լսել «Ժետիսուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայի՝ իր թիմերում բռնապետական կարգեր հաստատելու հատկության մասին: Կարծում եմ` մարզումների ժամանակ դա նորմալ է, բայց այ դրանից դուրս` կյանքում` ոչ: Շատ պատմություններ եմ լսել ֆուտբոլիստներից: Դրանցից մեկն էլ այն էր, որ մարզիչը իր ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ չի թողնում ծիծաղել. դրան չէի հավատում, մտածում էի՝ չափազանցնում են, բայց, փաստորեն, սխալվեցի: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ եւ «Ժետիսուի» նորեկ Հայկ Իշխանյանը մարզման ժամանակ կա՛մ ծիծաղել է, կա՛մ արեւից ծամածռել է դեմքը, Օգան միանգամից հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Հետո Իշխանյանին տեղեկացրել են, որ իր հետ պայմանագիրը խզվում է: Ահա այսպիսի բաներ»,- հայտարարել է Կուժախմետը:

 

 

 

ՈՉ-ՈՔԻ` ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ
Կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Միլան» -«Յուվենտուս» հանդիպումը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անտե Ռեբիչը Սամու Կաստիլիեխոյի փոխանցումից հետո: Հանդիպման վճռորոշ պահերից մեկը դարձավ 71-րդ րոպեն, երբ միլանցիներից երկրորդ դեղին քարտին արժանացավ Տեո Էրնանդեսը եւ հեռացվեց դաշտից:
«Ծեր սինյորան», ստանալով քանակական առավելություն, մեծացրեց ճնշումը եւ 90-րդ րոպեին վաստակեց 11մ հարված. սեփական տուգանային հրապարակում Ռոնալդուի հարվածից հետո ձեռքով էր խաղացել Դավիդե Կալաբրիան: 1 րոպե անց գնդակը ցանցում էր. Կրիշտիանուն 2020 թվականին անցկացրած 8-րդ խաղում խփեց 12-րդ գոլը: Ի դեպ, պորտուգալացին աչքի է ընկել 2020 թվականի բոլոր խաղերում, որոնց մասնակցել է:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս