Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. ԱՀ նախագահի շրջայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար:

Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: Նախագահի խոսքով՝ մայրուղիներին հարող բոլոր համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը հիմնականում ներառված են կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագրում:

Այցի ընթացքում նախագահը եղել է նաև «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, հորդորել ավելի սրտացավ վերաբերմունք դրսևորել Արցախ այցելողների նկատմամբ:




Լրահոս