ՎԱՆԵՑՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՓԱԽԵ՞Լ Է ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Ինչպես հայտնի է, վերջիններս հայտարարել էին, թե ջոկատ են կազմել եւ մեկնել առաջնագիծ: Սակայն վերջերս հայտարարություններ եղան, թե ջոկատի անդամները՝ Վանեցյանի գլխավորությամբ, այսպես ասած, փախել են առաջնագծից եւ ավելի ապահով վայրում են գտնվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արթուր Վանեցյանի հետ:

 

-Պարո՛ն Վանեցյան, խնդրում եմ ասել առաջնագծի ո՞ր հատվածում է Ձեր ղեկավարած զորախումբը մասնակցում մարտերին: Քանի՞ հոգանոց է Ձեր զորախումբը, ու արդյոք ջոկատը բաժանե՞լ եք մի քանի մասի՝ տարբեր թեւերում կռվելու համար:

-«Հայրենիք» զորախումբը գործում է հստակ Արցախի պաշտպանության  բանակի հրամանատարության ներքո, խնդիրները դրվում են պաշտպանության հրամանատարության կողմից, իսկ թե այն մենք լավ ենք կատարում կամ վատ ենք կատարում, ապա այդ գնահատական տվողը Պաշտպանության բանակի հրամանատարությունն է: Բոլոր այդ հարցերով խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակին, տվյալներ կարող են տրամադրել իրենք, քանի որ ռազմական դրության ժամանակ նման հարցերի մասին խոսելը սխալ է:

-Դո՞ւք եք ջոկատի միակ հրամանատարը, թե՞ առաջնագծում տարբեր հրամանատարներ կան, որոնք առաջնորդում են ռազմաճակատում ընթացող պայքարը:

-Ես առաջանագիծ մեկնելու ժամանակ հայտարարել էի, որ «Հայրենիք» զորախմբի հրամանատարը ես եմ: Առաջնագծի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում է Պաշտպանական բանակը, ես նշել էի, որ մենք մեր աշխատանքները իրականացնելու ենք ՀՀ ԶՈՒ եւ Արցախի պաշտպանական բանակի հետ համագործակցելով: Մենք հայտարարել էինք, որ «Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։

-Պարո՛ն Վանեցյան, արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առաջին իսկ ռմբակոծության ժամանակ Ձեր ղեկավարած զորախումբը փախել է մարտի դաշտից: Տեղեկություններ կան նաեւ, որ Ձեր զորախումը մարտի դաշտում չէ ու թաքնված է շատ ապահով վայրում: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:

-Գիտեք ինչ, անգամ պատերազմական այս իրավիճակում, երբ մեզ համար օրհասական օրեր են, ու այսօր  դրված է մեր երկրի ճակատագրի հարցը, մարդիկ գոնե զբաղվեն մեր հայրենիքի  պաշտպանության գործով, զբաղված են էժանագին, սուտ, հիմար տեղեկություններ տարածելով: Ամոթ է, այս պահին միասնություն է պետք, ամեն ինչ պետք է անել՝ հանուն Հայաստանի եւ Արցախի, հանուն մեր երկրների պաշտպանության: Օրհասական օր է, պետք է համախմբվել ու ոչ թե պառակտել: Ամոթ է, բավական է զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով, մարդկանց սեւացնելու գործով: Ավելի լուրջ գործ կա, այսօր հայրենիքի պաշտպանությունը մեր գլխավոր հարցն է, ու մենք չենք շեղվելու այդ հարցից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Նոր քրեական գործ է հարուցվել  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի գործողությունների առնչությամբ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, ՀՀ քր. օր-ի 312 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Կաշառք տալ), հարուցել է քրեական նոր գործ: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը «Լուառ» եւ «Էլիտ սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր Հրաչիկ Քանանյանից գնման ընթացակարգերին մասնակցելու եւ դրանից շահույթ ստանալու համար պահանջել է ստացվող եկամտի 30 տոկոսը` 2-3 մլն դրամ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի հայրը` Արսեն Լոռեցյանը, դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ չի հասկանում, թե ինչով կարող է իր որդին խոչընդոտել դատաքննությանը, ինչու որդուն ազատ չեն թողնում: Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաեւ առանձապես խոշոր չափերի՝ 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Եվ, ահա, նախկին փոխնախարարի վերաբերյալ ԱԱԾ-ում նոր քրեական գործ է քննվում:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ. Ս.-ն կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ Մամուլի կենտրոնից նշեցին, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն)։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Մ. Ս.-ն, 2015թ. ընթացքում գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաեւ մարդկային կորուստների եւ այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ։

Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ ԶՈւ-երում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը, սակայն, նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

 

 

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՎԵՐՑՎԵԼ Է

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։

 

 

 




Լրահոս