ՍԴ-ԻՆ 200-ԷՋԱՆՈՑ ԴԻՄՈՒՄ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում  է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջիններս պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե «Հայաստան» դաշինքը 200-էջանոց դիմումում ինչ հարցադրումներ է արել: Առաջին հերթին ընդդիմադիր ուժը բարձրացրել է հարցը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, բայց մնացել էր պաշտոնակատար: Այսինքն՝ նրանք հարց են բարձրացրել, թե որքանով է այդ հանգամանքն իրավական: Ապա դիմումում անդրադարձ կա խախտումներին եւ այն իրողությանը, որ արձանագրություններում ստորագրություններ չեն եղել (խոսքը 200 ստորագրության մասին է), ապա կան նաեւ ընտրական ցուցակների կրկնվող էջեր, որոնք բնութագրվել են որպես տեխնիկական սխալ, ապա նաեւ մատնանշված են դեպքեր, երբ մեկ անձը ստորագրել է մյուսի փոխարեն: Իսկ, ահա, «չաշխատող» անձնագրերն իսկապես մեծ թիվ են եղել. խոսքը մոտ 109 հազար  անձնագրերի մասին է, որոնց տեխզննող սարքերը չեն ճանաչել: Եվ ուշագրավ է, որ մինչ Սահմանադրական դատարանն այսօր նոր սկսում է դատաքննության փուլը, երեկ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը: Այսինքն՝ դեռ դիմումներն անգամ չեն քննվել, պարզ չէ՝ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, թե ոչ, սակայն ՌԴ նախագահը նրան շնորհավորում է: Ուշագրավը նաեւ այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տեւողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն առիթով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ եւ օրենսդիր կամ գործադիր մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ եւ այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որեւէ պաշտոն զբաղեցնել: Տիգրան Ավինյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Վարագ Սիսեռյանին, մասնավոր ոլորտ է տեղափոխել: Սակայն մենք տեղեկացանք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, եւ հենց այդ մասնավոր ոլորտ է ցանկանում տեղափոխվել Տիգրան Ավինյանը, այդ պատճառով էլ արդեն իր մտերիմ անձին տեղափոխել է այնտեղ: Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում  է ղեկավարի պաշտոնում, եւ նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրերին տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թերեւս վերջին նիստը, որը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իշխանական խմբակցությանը հավաքել է Մակունցը՝ պարզելու համար, թե ում որտեղ, ինչ պաշտոնի են պատկերացնում: Բանն այն է, որ մինչեւ հուլիսի վերջ Մակունցը պետք է հեռանա Հայաստանից՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու համար, եւ փորձել է վերջին անգամ թիմի հետ քննարկել իրենց անելիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ շատ ակտիվ են եղել այսպես կոչված ՀԿ թեւի պատգամավորները, որոնք հայտարարել են, թե ովքեր պետք է ամեն գնով շարունակեն պաշտոնավարել: Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվը եղել են իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, որոնք հայտարարել են, որ պետք է ՀՀ արդադատության նախարար կրկին նշանակվի Ռուստամ Բադասյանը, իր պաշտոնին պետք է մնա ԱԱԽ ղեկավար Արմեն Գեւորգյանը: Խմբակցությունը դժգոհություն է հայտնել, որ քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին խմբակցության ղեկավար նշանակելու հարցը, ինչը իրենք չեն ցանկանում: Քննարկվել է այդ պաշտոնում իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանին նշանակելու հարցը, որին, կարծես թե, ավելի շատ են հակված: Ի դեպ, տեղեկություններ կան, որ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին առաջարկվել է դառնալ խմբակցության քարտուղար, սակայն վերջինս չի ցանկացել, ու հնարավոր է այդ պաշտոնը տրվի իմքայլական մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ որեւէ հարցում հստակ որոշում չի կայացվել, Մակունցը քննարկումն արձանագրել է ու այն կփոխանցի Նիկոլ Փաշինյանին:

 

 

Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի եւ դոլարի փոխարժեքի վրա:  «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով: Թանկացել է նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է: Այն ապրանքատեսակները, որոնք այժմ վաճառվում են բարձր գնով, դրանք գնվել են թանկ սակագնով: Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի: Այդ ամիսներին կանխատեսում կա, որ կնվազի, մեր գործընկերների հետ ներքին պայմանավորվածություն ունենք, որ այն կվերանայվի»:  Ստացվում է, որ եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս, բայց երբ իջնում են գները, ներքին շուկան դրան չի արձագանքում: Մյուս կողմից՝ նկատենք, որ գների բարձրացման հանգամանքը պետք է Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի՝ Գեղամ Գեւորգյանի ուշադրության կենտրոնում լինի, բայց, ինչպես տեսնում եք, գները բարձրանում են ու բարձրանում, իսկ վերահսկող չկա:

 

 




Լրահոս