ՍՊԱՅԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր եւ միջին ծանրության հանցանքներ առերեւույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։

 

Քննչական խմբի ղեկավարի եւ խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքի, ինչպես նաեւ Շուշի քաղաքի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացված յուրային ստորաբաժանումների բոլոր գործողությունները:

Քննությամբ հիմնավորվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի առաջին օրերին՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկաները, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի  ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայողի, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ եւ նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին, զոհեր եւ վիրավորներ տալու գնով, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը։

Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, բարձրաստիճան սպան «Արեգա» բարձունքի միջնամասում հանդիպել է հակագրոհի օպերացիան ղեկավարած զորամասի հրամանատարի տեղակալներին, օպերացիայում ներգրավված ստորաբաժանման ղեկավարին եւ տեղեկացել իրադրության մասին առ այն, որ «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Ապա վերջինս, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու եւ այդ վայրում որեւէ մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն կամ հրաման, ինչպես նաեւ այդպիսիք իրականացնելու լիազորություն, օժտված չլինելով հակագրոհի օպերացիայում ընդգրկված՝ յուրային ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորությամբ, օպերացիան փաստացի ղեկավարող սպային անհիմն հրամայել է ենթակա անձնակազմի հետ միասին թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը եւ նահանջել։

Վերջինս հրաժարվել է կատարել տրված հրամանը՝ պատճառաբանելով, որ «Արեգա» բարձունքն արդեն իսկ գտնվում է յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, իրենք զբաղեցնում են գերիշխող դիրք։ Բարձրաստիճան սպան կրկին պահանջել է կատարել իր հրամանը, կապ է հաստատել հակագրոհը ձեռնարկած զորամասի հրամանատարի հետ եւ օգտագործելով նախկինում վերջինիս նկատմամբ անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը՝ պնդել եւ պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում։

Զորամասի հրամանատարը ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել բարձրաստիճան սպայի հրամանը եւ նահանջել ազատագրած բարձունքից, որի հետեւանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել եւ նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։ Հետագայում՝ 2020թ. հոկտեմբերի 3-ին եւ 5-ին, յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ:

Ունենալով նշված բոլոր տեղեկությունները՝ Մ.Ա.-ն չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել, որի հետեւանքով հակառակորդը, օգտագործելով բնագծի չպահվող հատվածի բարենպաստ հանգամանքը, 2020թ. նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, աջ թեւից շրջանցել է յուրային զորքերին եւ առաջացել Շուշի քաղաքի եւ Լիսագոր բնակավայրի միջտարածություն, ինչի մասին նույնպես զեկուցվել է վերադաս հանդիսացող բարձրաստիճան սպային։

Մայրուղու հատվածում հակառակորդի խմբերին դիմակայելու համար համաչափ պաշտպանության կազմակերպման բացակայության պայմաններում նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը եւ առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։

Ստեղծված իրադրությունը ճիշտ չգնահատելով՝ բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր եւ միջոցներ ստանալու ուղղությամբ, Շուշիի պաշտպանողական օպերացիան կազմակերպել է կանոնավոր բանակի ստորաբաժանումների սակավաթիվ ուժերով, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ստորաբաժանումների ժամանակավրեպ կիրառմամբ, ինչպես նաեւ աշխարհազորի ուժերով: Մինչդեռ նույն ժամանակահատվածում համապատասխան քայլեր ձեռնարկելու արդյունքում Շուշիի պաշտպանողական օպերացիայում կարող էին կիրառվել շուրջ 600 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի մարտունակ ստորաբաժանումներ, ինչպես նաեւ զորահավաքային ռեսուրսից զորակոչված զինծառայողներից ստեղծված այլ ստորաբաժանումներ։

Բացի այդ, բարձրաստիճան սպան մինչեւ 2020թ. նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, եւ դա՝ այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար բարձրագույն սպայական կազմի՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում կրող սպայի՝ Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։

 

 

 

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

 

Ապրիլի 14-ին՝ ժամը 08:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ ուղղել այն. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

 

 

 

 

ՓԼՈՒԶՈՒՄ Է ԵՂԵԼ

Ապրիլի 14-ին՝ ժամը 09:02-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ). տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչություն։

 

 

 

 

 

ԵՐԿԱՐԱՑՎԵՑ 3 ԱՄՍՈՎ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը եւ կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է եւս 3 ամսով։

Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված եւ անցել է հիմնական դատալսումների փուլին։

Նշենք, որ հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, որը Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է ամբաստանյալ։

 




Լրահոս