Armenian text to speach

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի գլոբալ առաջնորդության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայում անցկացվող Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի (WAIC) բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է առաջնորդել արհեստական բանականության (ԱԲ) նոր համաշխարհային կարգի ձևավորումը՝ խթանելով բաց կոդով տեխնոլոգիաները և առաջարկելով այլընտրանք ԱՄՆ-ի ազդեցությանը ոլորտի կառավարման հարցում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սի Ծինփինը կոչ է արել երկրներին օգտվել բաց կոդով արհեստական բանականության ընձեռած «հազվագյուտ պատմական հնարավորությունից» և հայտարարել, որ Չինաստանը կաջակցի զարգացող երկրներին՝ ԱԲ ոլորտում կարողությունների զարգացման գործում։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների անհավասար հասանելիությունը կարող է հանգեցնել «նոր պատմական անարդարությունների», ուստի անհրաժեշտ է ապահովել, որ զարգացող երկրներն ավելի մեծ դեր ունենան արհեստական բանականության կառավարման համակարգում։

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի նախաձեռնած Արհեստական բանականության համագործակցության համաշխարհային կազմակերպությունը (WAICO), որին արդեն միացել է 29 երկիր, կարևոր քայլ է համաշխարհային ԱԲ կառավարման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Չինաստանը նաև ԱԲ ոլորտում վերապատրաստման ծրագրեր և համագործակցության կենտրոններ կստեղծի BRICS-ի, ԱՍԵԱՆ-ի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկյան միության երկրների հետ։

Չինաստանի նախագահը նաև առաջին անգամ մանրամասն անդրադարձել է արհեստական բանականության անվտանգության հարցերին։ Նա ընդգծել է, որ ԱԲ համակարգերը պետք է մշտապես մնան մարդու վերահսկողության ներքո, իսկ երկրները պետք է ստեղծեն վաղ նախազգուշացման և արտակարգ արձագանքման մեխանիզմներ՝ հնարավոր ռիսկերը կառավարելու համար։

Reuters-ը նշում է, որ Սի Ծինփինի ելույթը հնչել է այն ժամանակ, երբ չինական բաց կոդով արհեստական բանականության մոդելները արագորեն մոտենում են ամերիկյան OpenAI-ի և Anthropic-ի համակարգերի հնարավորություններին։ Նույն օրը Պեկինում գործող Moonshot AI ընկերությունը ներկայացրել է Kimi K3 մոդելը, որը բնութագրել է որպես աշխարհում ամենամեծ բաց կոդով ԱԲ մոդելներից մեկը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Չինաստանի ուղերձը հստակ է՝ Պեկինը մտադիր չէ հետևել այլ երկրների սահմանած կանոններին, այլ ցանկանում է ինքն առաջատար դեր ստանձնել թե՛ արհեստական բանականության տեխնոլոգիաների, թե՛ դրանց միջազգային կարգավորման հարցում։

Շանհայում հուլիսի 17-20-ը անցկացվող համաժողովին մասնակցում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թաիլանդի վարչապետ Անուտին Չառնվիրակուլը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։

Անի Վարդանյան



Լրահոս