Տարոն Մարգարյանը հանդիպել է Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի կառավարման մարմնի ղեկավարի և անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի խորհրդի ղեկավար, Բելգիայի Քրեագիտության և քրեաբանության ազգային ինստիտուտի ղեկավար Յան Դե Կինդերի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևան են ժամանել խորհրդի նիստի անցկացման նպատակով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ից սկսած՝ Երևանի քաղաքապետարանը համագործակցություն է ծավալում Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ, ինչն իսկապես կարևոր է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում:

Առանձնակի կարևորելով Երևանում Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի կառավարման խորհրդի նիստի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ և հաջողված, ընդունված որոշումներն էլ՝  ի նպաստ  անդամ երկրների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դատափորձագիտական կառույցների եվրոպական համակարգի խորհրդի ղեկավարը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կառավարման խորհրդի նիստի մանրամասները: Յան Դե Կինդերը նկատել է, որ այն հրաշալի հարթակ է՝ փորձի փոխանակման համար, և վստահեցրել է, որ Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ հարաբերություններն առավել կսերտանան, ինչն իր հերթին կնպաստի Ազգային բյուրոյի նաև Երևանի քաղաքապետարանի համագործակցության ընդլայնմանը:




Լրահոս