Պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” մտահոգված է եւ դատապարտում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից 30.10.2013թ-ին արված հայտարարությունն այն մասին, որ “հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն”, “դա նորմալ չի”, “հայ տղամարդը իր աղջկան չի տանի ֆուտբոլի”:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. “Վերոնշյալ հայտարարությունները դեմ են եւ խախտում են ՀՀ Սահմանադրության 14.1, ՖԻՖԱ-ի Ստատուտի 3, ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածները, ինչպես նաեւ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվեցիայի, “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքի դրույթները:
ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը արգելում է խտրականությունը, ի թիվս այլոց, սեռից կախված:
ՖԻՖԱ-ի Ստատուտի 3 հոդվածը խստորեն արգելում է որեւէ անհատի կամ անձանց խմբի դեմ խտրականությունը, ի թիվս այլոց, սեռի հիմքով` դրա համար որպես պատժամիջոց նախատեսելով ՖԻՖԱ-ի անդամակցության կասեցումը կամ դադարեցումը:
ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածը արգելում է անհատի կամ անձանց խմբի արժանապատվության արատավորումը խտրական արտահայտություններով, ի թիվս այլոց, սեռի հիմքով:
“Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքը արգելում է գենդերային խտրականությունը, որի թվին է դասվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով, այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով (6-րդ հոդված 3 մաս):
Այսպիսով` Ռուբեն Հայրապետյանը, հանդիսանալով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բացահայտորեն խախտել եւ արհամարհել է ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրությունը, ՖԻՖԱ-ի Ստատուտը, ՀՀ Սահմանադրությունը` ակնհայտ խտրական եւ կանանց արժանապատվությունը արատավորող արտահայտություններ հնչեցնելով: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, այդ թվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ՖԻՖԱ-ում անդամակցության կասեցման կամ դադարեցման վտանգը` պահանջում ենք պարոն Հայրապետյանի հրաժարականը”:




Լրահոս