Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՊՆ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր նոյեմբերի 2-ի կեսգիշերին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված ու հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հոր՝ Սամվել Մարկոսյանի խոսքերն այն մասին, թե ովքեր են ծեծի ենթարկել զինվորներին: Հրապարակումից հետո՝ երեկ, «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին եկել ծեծի ենթարկված մյուս զինվորների՝ Արշակի եւ Ռազմիկի ծնողները:
Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, որ հեռավոր գյուղից էր Երեւան եկել, «Ժողովուրդ»-ին պատմեց, թե ինքը ոչնչից տեղյակ չի եղել. «Երեխաս ծառայում էր ԼՂՀ զորամասերից մեկում եւ Կանազի հոսպիտալ էր տեղափոխվել 1 ամիս առաջ: Ես այսօր (արդեն երեկ-Ք. Մ.) որդուս համար սննդամթերք եմ բերել: Ասացին, թե իմ տղան Կանազում չէ, փախել է: Իմ երեխայից ոչ մի լուր չունեմ, թույլ չեն տվել անգամ՝ մտնեմ տեսնեմ, թե ինչ վիճակում է: Լսեցի, որ ամենաշատը նրան են ծեծել, բայց չգիտեմ՝ ինչ վիճակում է: Ինձ ասում են՝ հնարավոր չէ, որ թույլ տանք՝ մտնես, էրեխուդ տեսնես: Մի հատ զանգն ի՞նչ է, որ գոնե երեխայիս ձայնը լսեմ, դա էլ չեն թողնում»:
Երբ զինվորի մորը տեղեկացրինք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Ռազմիկը ոգելից խմիչք է օգտագործել, ինչի համար էլ տեղի է ունեցել այդ միջադեպը, Աննա Կարապետյանը պատասխանեց. «Իմ տղան խմիչքի հետ սեր չի ունեցել: Նրանք ընդհանրապես խնդիրներ չունեցող երեխաներ են: Եթե ես եմ նրա պերեդաչիները տանում ու խմիչք չեմ տանում, էլ իմ երեխայի մոտ ո՞նց է խմիչք հայտնվել հոսպիտալում: Ես գիտեմ, որ ոչ մի խմիչքի հետք էլ չեն գտել»:
Ծեծի ենթարկված Ռազմիկի մայրը եւս պնդեց, որ ճշտել է՝ իր որդուն ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը. «Այն աստիճանի են ծեծի ենթարկել, որ երեխաները պատուհան, դուռ ջարդելով փախել են: Արդեն երրորդ օրն է՝ լուր չունեմ իմ էրեխուց, հաշմանդամ կին եմ, մի՞թե այդպես կարելի է»:
Իսկ Արշակի մայրը՝ Լուսինե Գեւորգյանը, պատմեց, որ իրեն թույլ են տվել տեսակցել որդուն, եւ այդ ընթացքում զինվորը որոշ մանրամասներ է պատմել: «Ինձ ասաց, թե մա՛մ ջան, նստած հաց էինք ուտում, ու ինչ-որ մեկը մատնել է, թե խմում ենք: Մեկ էլ տեսանք՝ մտան սենյակ: Զարմացանք, թե պետը երբեք, այն էլ այդ ժամին, չի գալիս սենյակ, ինչո՞ւ է եկել, ու սկսվեց… հարձակվեցին մեզ վրա»,-նկարագրեց զինվորի մայրը՝ հավելելով, որ ականատեսները նրան ասել են, թե լավ է եղել, որ ինքը՝ որպես մայր, չի տեսել, թե ինչ վիճակում են հայտնվել զինվորները:
Ըստ մեր զրուցակցի, իր որդու՝ Արշակի վրա ծեծի հետքեր չեն եղել, սակայն տղան անընդհատ գանգատվել է գլխի ցավից. «Մեզ տեղեկություն է հասել, որ կրակոցներ են եղել: Բա որ նման բան լինի, ո՞վ չի փախչի: Իմ երեխան մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, բժիշկներին հարգող: Ես պահանջում եմ արդարություն: Արշակիս ընդամենը մեկ ամիս էր մնացել, որ ավարտի ծառայությունը, բայց արի ու տե՛ս՝ քրեական գործ են հարուցել: Մի՞թե դա արդար է, նրանք պաշտպանվել են, ավելին, դուք բժիշկներ եք, նրանց վիճակը հաշվի չեք առել եւ ծեծել եք, հա՞, այս ի՞նչ է կատարվում»:
Արշակի հորաքրոջ ամուսին Սպարտակն էլ զայրացել էր այն փաստից, որ մտնելով սենյակ՝ պետն ու նրա աշխատակիցներն ասել են, թե պառկե՛ք մահճակալների տակ. «Եթե անգամ խմել են, մի՞թե ծեծում են, մի՞թե օրենքը թույլ է տալիս ծեծը, սա ի՞նչ է նշանակում»:
Փաստաբան Արթուր Սարգսյանը, որը ներկայացնում է Արշակի շահերը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ արդեն քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում կամ զինվորական ծառայության մեկ այլ վայրում հրամանատարին ծեծելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)  եւ  258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, պատժվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետով):  
Այս պատմության մեջ տարօրինակն այն էր, որ ծեծի ենթարկված զինվորներից Դավիթի եւ Արշակի ծնողները կարողացել են տեսնել իրենց երեխաներին, իսկ ահա դաժան ծեծի ենթարկված Ռազմիկի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել, անգամ հեռախոսով զրուցել նրա հետ: Թե ինչ է կատարվում իրականում, ինչ է թաքցնում ՊՆ-ն, թերեւս կարելի է եզրակացնել:
Սակայն ուշագրավ էր նաեւ այն, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 4-ին ասել էր, թե դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի, իսկ ահա երեկ լրատվամիջոցներին հայտարարել էր, թե չի բացառվում, որ հարուցվի: Մինչդեռ պարզվում է՝ արդեն հարուցվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս