ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական segodnya.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ռիսկերին եւ նշել. «Կան որոշակի ռիսկեր. Մաքսային միությունում մաքսերը երկու անգամ ավելի բարձր են, քանի մեր մաքսային տուրքերը երրորդ երկրների հետ: Մենք այդ պատճառով կկանգնենք որոշակի դժվարությունների առաջ»: Փաստորեն, անգամ վարչապետն է արձանագրում լրջագույն խոչընդոտները, որ առաջանալու են ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում: Բայց այս ամենը չի խանգարել, ռիսկերը թվարկելուց հետո նույն Տ. Սարգսյանը հայտարարի. «Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանը կշահի Մաքսային միություն մտնելուց»: Թե այդ ամենից հետո ինչով ենք շահելու, մնում է անհասկանալի: Միայն պարզ է, որ ՄՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն լուծում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր, բայց ի հաշիվ տնտեսության:

ՍՊԱՍԵԼ ԵՆ, ՈՐ ԳՈՐԾԻ
Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի հայտնի միջադեպից հետո, երբ 37 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանություն, Կենտրոնի բաժին են մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Մինչեւ գիշերվա ժամը 2:30-ը Զուրաբյանն ու Մանուկյանն անցկացրել են ոստիկանության բաժնում, որտեղ հանդիպել են նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ պատգամավորները Գասպարյանին են ներկայացրել բերման ենթարկված անմեղ քաղաքացիների ցուցակը եւ արել ամեն ինչ, որպեսզի նրանց վրա ոստիկանությունում «գործ չսարքեն» ու բաժանմունքում չպահեն: ՀԱԿ պատգամավորներին հաջողվել է համոզել ոստիկանապետին, եւ փաստերը ստուգվելուց հետո մոտ 15 հոգի ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ ընդդիմադիր պատգամավորները ոստիկանապետին հարցրել են, թե ինչու նրանք ի սկզբանե չեն կանխել միջադեպը եւ չեն ձերբակալել մի քանի օր շարունակ նախագահականի վրա հարձակվելու սպառնալիքներ հնչեցնող, զինվող Շ. Հարությունյանին, Վլ. Գասպարյանն ասել է, որ այդ դեպքում իրենց քայլը կստանար քաղաքական ենթատեքստ, եւ Շանթն էլ կդիտվեր քաղբանտարկյալ: Ավելին, ոստիկանությունը, լավ իմանալով Շանթի բնավորությունը, որ փայտերով ու բենզինի շշերով զինված հեղափոխականները ոստիկանների վրա կկիրառեն դրանք, թողել են, նրանք կատարեն այդ արարքը, եւ նրանց քայլը դիտվի հանցանք: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ այս միջադեպում ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականներ եւ ոստիկաններ, որոնք էլ եղել են բենզինի շշերն առաջինը պայթեցնողները:




Լրահոս