Դեմ եմ լեգիոներների այսպիսի հոսքին Առաջին խմբում. Ռաֆայել Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպման շրջանակներում 5:0 հաշվով ջախջախեց Լիբանանի Մ19 հավաքականին: Խաղի ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը.

«Գոհ եմ առաջին խաղակեսից, լավ խաղացին տղաները, իսկ երկրորդում փոփոխություններ կատարեցինք, եւ կար խաղակցվածության պակաս, որը բնական է: Չեմ կարող ասել` ինչ թիմ եմ ստացել նախորդ մարզչից, բայց կասեմ, որ փոփոխությունններ շատ են եղել, եւ մենք կփորձենք մեր մտքերը հաղորդել թիմին: Այս թիմը պետք է լինի կարգապահ, որը ամենակարեւորներից է եւ, իհարկե, աշխատի ջանասիրաբար: Ես այն մարզիչներից եմ, ով միշտ պահանջելու է ֆուտբոլիստներից աշխատել ավելի ու ավելի: Պետք է ֆուտբոլիստները կրթվեն, որովհետեւ շատ վատ է, որ 18 տարեկան ֆուտբոլիստը խաղում է Առաջին խմբում: Մեր թիմը պետք է ունենա թիմային մտածելակերպ` պաշտպանը պետք է իր պարտականությունները լավ անի, հարձակվողն էլ իրենը: Անուններ չեմ նշի. 1-ին խաղակեսում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներից էլ գոհ եմ, իհարկե, երկրորդ կեսում կային ֆուտբոլիստներ, ովքեր տպավորեցին ինձ: Առաջին խաղի առաջին խաղակեսում կար տրամադրվածության եւ զգոնության պակաս` ագրեսիվ չէին գործում, շարժումներն էին կիսատ անում, դրանք կապված էին զգոնության հետ»:

Ռաֆայել Նազարյանն այժմ հանդիսանում է նաեւ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը, եւ մասնագետը կարծիք է հայտնել նաեւ այն փաստի շուրջ, թե ինչքանով կօգնի այն, որ Հայաստանի Մ19 հավաքականում շատ են ֆուտբոլիստները հենց ԲԿՄԱ-ից. «Այն, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականում շատ են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները, կօգնի այնքանով, որ կլուծվի խաղակցվածության հարցը, որովհետեւ ֆուտբոլիստների՝ միմյանց հետ շատ խաղալը նպաստում է նաեւ թիմային խաղի բարելավմանը»:

Ռաֆայել Նազարյանը խոսեց նաեւ լեգիոներների լիմիտի մասին. «Ես չեմ հասկանում այլազգի ներդրողներին ովքեր իրենց թիմ են բերում 28-30 տարեկան լեգիոնականների եւ ապա վերավաճառում ուրիշ ակումբների: Մի՞թե ուզում են այդպես զարգացնել ֆուտբոլը: Ի՞նչ են նրանք ցանկանում. ցանկանում են զարգացնել 28 կամ 30 տարեկան ֆուտբոլիստների՞, որից հետո վաճառել նրանց տրանսֆերը «Տորպեդոյին», «Լոկոմոտիվին» կամ «Դինամո Կիեւին». տրամաբանական չէ՝ կարծում եմ: Կարծում եմ՝ Բարձրագույն խմբում կարող է լեգիոներների մասով լինել զգուշավորություն, քանի որ շատ թիմեր չունեն մանկապատանեկան դպրոցներ, իսկ Առաջին խմբում ես ուղղակի դեմ եմ այսքան լեգիոներների հոսքին: Առաջին խմբում պետք է լինեն ավելի քիչ ակումբեր, բայց ավելի շատ խաղաժամանակ ստանան ոչ թե լեգիոներները, այլ հայ ֆուտբոլիստները, որովհետեւ շատ խաղալն է զարգացնում ֆուտբոլիստին: Կարծում եմ՝ կարելի է կրճատել Առաջին խմբի ակումբների քանակը, եւ նույնիսկ մտածում եմ, որ մինչեւ ձմեռ 4 ակումբ կլքի առաջնությունը: Չեմ կարծում, որ 30 անց լեգիոները ինչ-որ օգուտ կարող է տալ Հայաստանի առաջնություններին»:

Մասնագետը խոսեց «Բանանցից» (այժմ` «Ուրարտու») հեռանալու մասին եւ ասաց, որ հեռանալու պատճառը իր եւ ակումբի տարբեր ճանապարհներ ընտրելու մեջ է կայանում. «Ես եւ «Բանանցը» տարբեր ճանապարհներ ենք ընտրել, ամեն ինչ պարզից էլ պարզ է»,- ասել է Նազարյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս